Պետական ինստիտուտների լիակատար կոլապս է, առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ այդ առաջին դեմք կոչվածը հnգեկան խնդիրներ ունի. Միքայել Սրբազան
- Lilit

- Jun 16
- 2 min read

Եթե մենք նույնիսկ «հակամարտության» մեջ ենք, պետք է ասեմ՝ մենք հակամարտության մեջ չենք պետականության հետ, այլ՝ այսօրվա իշխանության: Այս մասին «Եկեղեցի-պետություն» հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:
«Երբ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ և վանքեր հանձնում է թշնամուն և այդ տարածքը հայտարարում՝ պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լն է: Մենք, իբրև ՀՀ լիիրավ քաղաքացիներ, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել»,- ասաց նա:
Սրբազանի խոսքով՝ իր մտահոգությունն այն չէ, որ եկեղեցականության վրա հարձակում է տեղի ունենում, շատ են հարձակվել, սրանք էլ կհարձակվեն, կհասնեն, կգնան, այլ իր մտահոգությունը պետական ինստիտուտների՝ բացարձակ և ամբողջական և Աստված մի արասցե, որ անվերադարձ կոլապսն է։
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որն իրենը չի և ինքը ոչ մի իրավունք չունի՝ ոչ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ մտնելու, բայց մտել է և պետական ինստիտուտները իրեն չեն ասում՝ այս բանը մի՛ արա: Այսինքն, չկա ԱԱծ, որն ասի՝ գիտե՞ս ինչ, ազգային անվտանգության սպառնալիք է եկեղեցին փորձել քայքայել ներսից: Չկա արդարադատության նախարարություն, որն ասի՝ որ գիտես՝ ինչ, դու օրենք ես խախտում, Սահմանադրություն ես խախտում, իրավական նորմերն ես խախտում, մտնում ես մի տարածք, որտեղ իրավունք չունես մտնելու՝ ոչ միայն պետություն-եկեղեցի հարաբերությունների կոնտեքստում, այլ նաև մարդու անձնական կյանքի հետ կապված»,- շեշտեց նա:
Սրբազանի խոսքով՝ ոչ ոք ՀՀ մեջ մարդկանց անձնական կյանքից այնքան գաղտնիքների չի տիրապետում, որքան որևիցե մի հոգևորական, բայց ոչ մի հոգևորական դա չի օգտագործում իբրև շանտաժի միջոց: «Որևիցե հոգևորական շանտաժի չի ենթարկում, իսկ այս մարդը պետական շանտաժով է զբաղված: Ուրեմն արդարադատության նախարարությունը չի ասում, թե պարո՛ն, օրենք ես խախտում, հանցագործություն ես կատարում, քննչական կոմիտեները քրեական գործեր չեն հարուցում: Առաջին տիկին համարվողը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում անորոշ, անդեմ հայ եկեղեցու հոգևորականների նկատմամբ և քրեական գործ չի հարուցված, և քրեական գործ չի հարուցվում։
Առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ առաջին անձը, որ զբաղեցնում է այդ աթոռը, հոգեկան լուրջ պրոբլեմներ ունի։ Այսինքն, ոչ մի ինստիտուտ չի աշխատում այս երկրում, ոչ մի կառավարական, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում։
Հետևաբար իմ մտահոգությունը, պետական ինստիտուտների լիակատար կոլապսն է, որովհետև եթե պետական ինստիտուտներն աշխատեն, վարչապետը չի կարող իրեն պահել այսպես, ոչ էլ առաջին տիկին կոչվածը, որ առաջին տիկին չի, չի կարող իրեն պահել այսպես անպատասխանատու: Ո՞նց կարող են պետական ինստիտուտները, որոնք կոչված են այդ հարցերով զբաղվելու, այդ հարցերով չզբաղվեն: Լիակատար թողել են բախտի քմահաճույքին, թե տեսնենք՝ ամեն առավոտ ինչ-որ մի հոգեկան լուրջ պրոբլեմներ ունեցող անձ ինչ կգրի և ամբողջ ազգը կզբաղվի այդ գրածով»,- ընդգծեց նա:




















