Ով քանի «նիկոլ» է․ Աղազարյանը հրապարակել է «հավատարմության շկալան»՝ նոր չափման միավորով
- Lilit

- Jun 19
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը շարունակում է սուր ու երգիծական տոնով անդրադառնալ նախկին կուսակիցներին։ Այս անգամ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «նիկոլիզմի շկալա», որով դասակարգել է ՔՊ-ի մի շարք պատգամավորների՝ ըստ իրենց «նիկոլականության» աստիճանի։
Շարքը ներկայացված է թվային արժեքներով՝ որպես «նիկոլ» միավորներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանն արժանացել է 1.3 նիկոլգնահատականին, իսկ ամենաբարձր «նիկոլացված» ցուցանիշներից մեկով ներկայացված է Ալեն Սիմոնյանը՝ 2.7 նիկոլ։ Ցուցակում հայտնվել են նաև Մարիա Կարապետյանը (2.4), Վահագն Ալեքսանյանը (1.8), Արսեն Թորոսյանը (2.2), Ռուբեն Ռուբինյանը (0.9998) և այլք։
Թեմայի շուրջ զրուցվեց հենց Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ ուղերձով է արված այս քաղաքական սարկազմը։
«Կարծում եմ՝ մեկնաբանելու առանձնապես բան չկա։ Սա ռեյտինգային ցուցակ է, որտեղ քաղաքական գործիչները դասակարգվել են ըստ իրենց հավատարմության աստիճանի, իրենց գաղափարական ընդհանրությունների Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ այդ «շկալայում» որպես հաշվարկի միավոր վերցված է 1 նիկոլը»,- ասաց Աղազարյանը։
Նրա խոսքով՝ ինքը սատիրայի միջոցով ցանկացել է ընդգծել ներկայիս իշխանական գործիչների գաղափարական ընդհանրությունների տարբերությունները և վերելքների տրամաբանությունը։
«Օրինակ, այս ընթացքում նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն գերազանցեց և դարձավ 1.3 նիկոլ։ Մյուսներն, ըստ այդմ, իրենց գնահատականներին են արժանացել իմ համեստ կարծիքով»։
Պարզվում է՝ ցուցակը դեռ ամբողջական չէ։ Մեր հարցին՝ արդյոք միայն այսքա՞նն են տեղավորվում իր «շկալայում»՝ Աղազարյանն արձագանքեց հումորով․
«Մյուսներին էլ դուք գրեք։ Ցանկը կամաց-կամաց կընդհանրացնեմ»։





















