ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված
- Lilit

- Jan 19
- 2 min read

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։Միաժամանակ շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի 2021 թ․ դեկտեմբերի 7-ի և 2022 թ․ հոկտեմբերի 12 որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անտվանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատութնան միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»։
Նշենք, որ հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և մյուսների նկատմամբ դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։




















