top of page

Աշխարհի լավագույն բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվել

Sep 30
1 min read

Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանը և Հայաստանի եվրոպական համալսարանը։ Երկուսն էլ ներառված են 2001+ հորիզոնականներում։


Ընդհանուր առմամբ` վարկանիշում ներառվել է 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։


Վարկանիշը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ 97,9 միավորով։


Երկրորդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (MIT)՝ 97,8 միավորով, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները 97-ական միավորով զբաղեցնում են ԱՄՆ-ի Փրինսթոնի և Սթենֆորդի համալսարանները։


Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Լոնդոնի կայսերական քոլեջը (Imperial College London), ինչպես նաև Կալիֆոռնիայի Բերկլիի և Եյլի համալսարանները։


Վարկանիշում նկատելիորեն ամրապնդվել են նաև ասիական համալսարանների դիրքերը։ Չինաստանի Սինխուա համալսարանը բարձրացել է 11-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով 12-րդ տեղը զբաղեցնող շվեյցարական ETH Zurich-ից։ Պեկինի համալսարանը 13-րդն է։




THE-ի տվյալներով՝ առաջին անգամ ասիական երեք համալսարան է ընդգրկվել աշխարհի լավագույն 15-ի շարքում։


Հայաստանի հարևան երկրներից վարկանիշում ամենաշատ բուհեր ունի Թուրքիան՝ 142 համալսարան։ Դրանցից առաջինները սկսվում են 326-րդ հորիզոնականից և հասնում մինչև 2001+ հորիզոնական։



Իրանից ընդգրկվել է 89 բուհ՝ 401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։




Ադրբեջանը ներկայացված է 14 բուհով՝ 701–ից մինչև 2001+ հորիզոնականներում, իսկ Վրաստանը՝ 8 բուհով՝ 1401-ից մինչև 2001+ հորիզոնականներում։

1/3668
bottom of page