Այս իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում, թե ինչքան տարածք է տվել թուրքին. Արթուր Խաչատրյան
- Jul 12, 2024
- 1 min read

Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խնդրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապնդված, Կադաստրի կողմից տրված իրավունքի գրանցման վկայականներով, ինչքան տարածք է հանձնվել թուրքին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Խնդրեցի, որ կադաստրի կոմիտեի ղեկավարը կոնկրետ ասի: Փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին, եթե գաղտնի չլիներ հիմա կասեին 100 քառակուսի կմ է եղել, թե կես հա է եղել»,- ասաց նա:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց Խաչատրյանին. «Զրո է եղել, պարո՛ն Խաչատրյան»:
Ավելի ուշ Արթուր Խաչատրյանն ասաց. «Ձեր իշխանությունները խոստովանել են, որ կադաստրային քարտեզներում եղել է սխալ, ես հիմա հարցնում եմ, այդ սխալը քանի՞ միլիմետր է, սանտիմետր է, կիլոմետր է: Ինչ վերաբերում է պատահական սխալներին, այո, պատահական սխալների գումարը զրո է, որովհետեւ եթե հաշվենք այս դահլիճում պատգամավորների միջին բոյը, հասակը, այդ միջինից թե բոյովների, թե կոլոտների քանակը նույնն է լինելու: Դրա համար քառակուսիներ են հաշվում, որպեսզի դիսպերսիայի եւ վարիացիայի մեջ կարողանան գալ ճիշտ վիճակագրական չափումների»:
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց. «Եթե ձեր հարցը վերաբերում է նրան, թե ովքեր են, որ ունեցել են կադաստրի վկայականներ եւ փոխատուցում են ստացել, դա չի կարող գաղտնի լինել, կարող եք գրավոր գրել եւ ստանալ պատասխանը:
Իսկ եթե ձեր հարցը նրան էր վերաբերում, թե ՀՀ ինքնիշխան տարածքից քանի քմ է զիջվել թուրքին, ինչպես դուք եք ասում, ես ձեզ հավաստացնում եմ, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել որեւէ մեկին: Եկեք հարցերը չխառնենք եւ չփորձենք քաղաքականացնել»:




















