Հայաստանում մինչև տարեվերջ նախատեսվում է հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպում

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ Հայաստանում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։
Նախաձեռնության շրջանակում նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 10-ին՝ Ադրբեջանում։ Սեպտեմբերին նախատեսված հերթական հանդիպումը չեղարկվել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարում արած հայտարարությունների պատճառով։
Հիշեցնենք, որ Հաջիևը սեպտեմբերի 11-12-ին օտարերկրյա դիվանագետների համար կազմակերպված այցի ընթացքում հայկական պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ Դադիվանքն ու Գանձասարը, ներկայացրել էր որպես Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգություն։ Նրա հայտարարությունները հայկական կողմում քննադատության էին արժանացել։




















