Միջուկային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համար Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրո
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը։
Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն լուծելու հետևյալ հիմնախնդիրները՝ Հայաստանի սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների համար լրացուցիչ աջակցության տրամադրումը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացման նպատակով՝ հաշվի առնելով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո քաղած դասերը (ներառյալ՝ վթարների դեպքում ջրածնի առաջացմամբ կապված վտանգները), աջակցության տրամադրում միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին։
Կոմիտեի և կենտրոնի կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», գնահատել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, գնահատել ՀԱԷԿ-ի սթրես-թեստի ազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, հասնել միջուկային անվտանգության մշակույթի, միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության չափանիշների արդյունավետ իրականացմանը։




















