ԱՆԻՖ-ը, քովիդը, ամանորյա զարդարանքները, ձեր հետ կապված ամեն ինչ կոռուպցիայի կասկած է առաջացնում. Զարոկյանը՝ Ավինյանին
- Apr 21
- 2 min read

Կառավարությունը 6.5 միլիարդ դրամ կամ 18.5 միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճը ստեղծվի և դուք պայմանագիրը տվեցիք մի ընկերության առանց մրցույթի, որը նորաստեղծ ընկերություն էր և իր հիմնադիրները նվիրատվություն էին արել ՔՊ-ին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
«Սա կոռուպցիայի հարցեր է առաջացնում, որովհետև դուք էլի եք այսպիսի բաներ արել։ Ասում եք՝ մրցույթով ենք անում, բայց ներքին կարգով մրցույթ եք անում։ Օրինակ, եթե Ալբերտ Ազարյանի մարզադահլիճի հարցում տենդեր լիներ, մրցակիցներ լինեին, 5-6 միլիոն դոլարով կարող էին մարզադահլիճը սարքել, ոչ թե 18.5 միլիոն դոլարով։ Սա կոռուպցիայի կասկածներ է առաջացնում»,–ասաց նա։
Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Ձեր բարձրաձայնած բոլոր թվերը, բարեբախտաբար, իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև իրականությանը չի համապատասխանում այն հանգամանքը, որ մենք ենք որոշել հրատապ ընթացակարգով իրականացնել այս շինարարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել՝ ինչու է Ալբերտ Ազարյանի շինարարությունը իրականացվում հրատապ ընթացակարգով, մենք 2027 թվականին ընդունելու ենք Աթլետիկայի աշխարհի առաջնությունը։ Այս որոշումները կայացվել են կառավարության կողմից։ Կառուցման ընդհանուր բյուջեն 4 մլրդ դրամի կարգի է։
Ինչ վերաբերում է հրատապությանը, մենք այս ծավալի շինարարություն այդ ժամկետներում մեր նորմատիվներով պետք է իրականացվեր հինգ-վեց տարում, մենք սա իրականացնում ենք մոտավորապես 1,5 տարում։ Փաստացի 3 խոշոր շինարարական կազմակերպությունների ուղարկվել է առաջարկ հրավեր, երեքից ամենացածր գին տվող ընկերությանը շնորհվել է պայմանագիրը և այս որոշումը կայացրել է կառավարությունը, ոչ թե մենք»,–ասաց Ավինյանը։
Զարոկյանն արձագանքեց, որ սա միակ դեպքը չի, որ քաղաքապետարանը առանց մրցույթի է գործընթացները կազմակերպում։ Նա հիշեցրեց, որ Ամանորի կազմակերպումը ամեն տարի հրատապ ռեժիմով նույն ընկերությանն է տրվում. «ՍՍա համակարգային բնույթ է կրում, նախկինում էլ ԱՆԻՖ–ի քրեական գործերը, քովիդը և այս կորուպցիայի կասկածանքները չեն վերանում։ Առաջիկա ընտրություններում դուք պատրա՞ստ եք քրեական պատրաստություն կրել, եթե ընտրություններում չպարտվեք և պատրաստ եք, որ այս գործերը բացահայտվեն»,–ասաց նա։
Տիգրան Ավինյանն ասաց. «Իրականում այս դատարկ տեսությունները, որ տարածվում են նաև ձեր կողմից, չգիտեմ որքանով է լուրջ ընկալվում մեր հանրության կողմից»։
Հարցին՝ ԱՆԻՖ–ի պատմությունն ինքը անլո՞ւջ է համարում, քաղաքապետն արձագանքեց. «Մշակութային միջոցառումները Երևանի քաղաքապետարանը իրականացնում է օրենքի տառին համապատասխան։ Մշակութային միջոցառումը այն բացառիկ միջոցառումների տեսակներից մեկն է, որտեղ որոշակի ճաշակային հարցեր և խնդիրներ կան։ Բազմաթիվ խնդիրներից ելնելով, դեռևս 2018-19 թվականին, շատ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ են կատարվել և բոլոր այդ ընթացակարգերը Երևանի քաղաքապետարանը պահպանում է։
Եկեք համաձայնենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների որակը և ծավալը և ընդհանուր տրամաբանությունը խոսում են այն մասին, որ այդտեղ ճիշտ և լավ աշխատանք է արվել»։




















