Առաջին մասնավոր ավիացիոն հաբը` Հայաստանում․ «Ազատ» թռիչքադաշտը ստացել է հարթակների շահագործման պաշտոնական թույլտվություն ընդհանուր ավիացիայի ոլորտում (լուսանկարներ)
- Lilit

- Aug 11
- 1 min read

Հայաստանում առաջին անգամ՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված «Ազատ» թռիչքադաշտը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է հարթակների շահագործման պաշտոնական թույլտվություն՝ համաձայն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 31-ի N 18-Ն հրամանով հաստատված կարգի։
Թռիչքադաշտի գործարկումը ստեղծում է նոր հնարավորություններ և բացում մի շարք հեռանկարներ, մասնավորապես հիմք է հանդիսանում Հայաստանում սիրողական ավիացիայի զարգացման համար, ստեղծում է պայմաններ օդաչուների ուսուցման և վերապատրաստման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս ներդնել ու զարգացնել գյուղատնտեսական ավիացիան։

«Ազատ թռիչքադաշտ» հարթակը մասնավոր նախաձեռնություն է և պատկանում է անհատների, ինչը նշանակալի ձեռքբերում է ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման գործում։ Թռիչքադաշտի համահիմնադիր Դավիթ Սահակյանը նշել է․«Մեր նպատակը Հայաստանում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացումն է։ Մենք ստեղծում ենք ավիացիոն հաբ, որտեղ կգործեն ավիացիոն դպրոց, հարթակ սիրողական օդաչուների համար և ակումբային համակարգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ Azat Airfield-ի համայնքին։
Շնորհակալություն ենք հայտնում Ավիացիայի կոմիտեին և ներգրավված մյուս գերատեսչություններին աջակցության համար։ Կարևորում ենք համագործակցությունը ավիացիոն ոլորտի բոլոր դերակատարների հետ և պատրաստ ենք զարգացնել այս բնագավառը համատեղ ջանքերով»։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանն իր հերթին ընդգծել է․
«Վերջին տարիներին ՀՀ-ում բավականին արագ տեմպերով զարգացում է ապրում ընդհանուր նշանակության ավիացիան։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ զգալի աճ է նկատվում նաև «մեծ» ավիացիայի կողմից իրականացվող փոխադրումների ծավալներում՝ թռիչքների անվտանգության ապահովման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում տարանջատել «փոքր» և «մեծ» ավիացիայի թռիչքները։ Դա հնարավոր կլինի իրականացնել «Ազատ» հարթակի և նմանատիպ հարթակների ցանցի զարգացման միջոցով։
«Ազատ» հարթակին շահագործման թույլտվություն տալու գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն։ «Ազատ» թռիչքադաշտն ամբողջությամբ համապատասխանում է թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջներին»։
«Azat Airfield-ի» առաջիկա միջոցառումների մասին ավելին՝ մեր Instagram-ում։




















