ԵՊՀ ռեկտորի երկրորդ թեկնածուի հայտը մերժվել է․ միակ թեկնածուն իշխանության ընտրյալն է
- Nov 20, 2022
- 1 min read

ԵՊՀ-ն դեկտեմբերի 17-ին ռեկտոր կընտրի։ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ էր հայտարարել, իսկ հայտերն ընդունվում էին մինչև դեկտեմբերի 1-ը։ Ներկայացվել է երկու դիմում: Դիմողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն է, երկրորդը՝ բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը:
Սահակյանը, սակայն, փաստաթղթերը ներկայացրել էր ուշացումով՝ դեկտեմբերի 3-ին։
MediaHub.am-ին ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ Սահակյանի հայտի մասով որոշում պետք է կայացնի հոգաբարձուների խորհուրդը։
Մենք կապ հաստատեցինք նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար Եղիշե Կիրակոսյանի հետ, ով, լսելով հարցը, հայտնեց, որ զբաղված է ու մի քանի րոպե բացատրում էր, որ չի կարող պատասխանել, զբաղված է լինելու, մինչդեռ մենք ընդամենը հետաքրքրվել էինք միայն՝ ընդունե՞լ են Արծրունի Սահակյանի փաստաթղթերը, թե՞ մերժել։
MediaHub.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Սահակյանի դիմումը մերժվել է, և այս պահին ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է, ով պատգամավոր եղած ժամանակ բազմիցս հերքել էր ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին լուրերը։
Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանի հետ ևս մեզ չհաջողվեց կապ հաստատել, վերջինս օրեր շարունակ չի պատասխանում հեռախոսազանգերին։
Արմինե Նավոյան




















