Ադրբեջանում շարունակվում են հայերի նկատմամբ ամոթալի «դատավարությունները», իսկ Եվրոպայի խորհուրդն անկարող է ազդել այս իրավիճակի վրա
- Lilit

- Jun 24
- 1 min read

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին` արձանագրելով, որ Ադրբեջանում շարունակվում են հայ բանտարկյալների նկատմամբ ամոթալի դատավարությունները, և Եվրոպայի խորհուրդն անկարող է ազդել այս իրավիճակի վրա: «Դուք գիտեք, որ Ադրբեջանում ներկայումս տեղի են ունենում ամոթալի դատավարություններ հայ բանտարկյալների դեմ: Այս կազմակերպությունը մինչ օրս չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ ադրբեջանական իշխանությունների վրա և ապահովել նրանց ճակատագրի արդար և արժանապատիվ լուծում: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը անկարող ազդել այս իրավիճակի վրա: Ի՞նչ ուղերձ է սա հղում աշխարհում նրանց, ովքեր դեռևս հավատում են ժողովրդավարական արժեքներին, հատկապես, երբ այդ արժեքները գտնվում են ինտենսիվ ճնշման տակ»,-հարցադրում է արել պատգամավորը:
«Մենք չենք կարող անել այլ բան, քան բոլոր անդամ երկրներին հորդորելը՝ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք որդեգրել է այս կազմակերպությունը և կատարել այն հանձնառությունները, որոնք ստանձնել են՝ միանալով Եվրոպայի խորհրդին։ Մենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից ենք պահանջում կատարել այդ հանձնառությունները, այլ մյուս երկրներից»,- ի պատասխան ասել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը:




















