top of page

«Կանգնե՛ք կողքիս, կանգնե՛ք՝ միասին պայքարենք». Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 2 min read

ree

«Նարեկի հանրային գործունեության տարիներին միշտ պատրաստ եմ եղել իր թիկունքը պահել»,- այսօր ասել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։ Նա ուղերձով է հանդես եկել՝  ընդգծելով՝ ինքն ու ամուսինը միավորված են  նույն գաղափարներով, և Նարեկը երբեք  այդ գաղափարներին չի դավաճանել: Այս իշխանության դեմ պայքարն էլ գիտակցված են տանում ու չեն նահանջելու բռնած ուղուց։

«Այս ազգակործանների  իշխանության  գալը մեծագույն հարված  էր մեր պետականությանը, մենք այն ժամանակ էլ էինք տեսնում, բայց մենք փոքրամասնություն էինք: Հիմա այլևս փոքրամասնություն չենք: Ավելին՝ այնպիսի մեծամասնություն ենք, որ, ինչպես ամուսինս է ասում,  այս բորենիների իշխանությունն  իր ամբողջ կազմով վախենում է: Իսկ վախը մարդուն դրդում է ամենաստոր  քայլերի, միայն թե պահեն այն, ինչը կորցնելուց վախենում են. այս պարագայում դա իշխանությունն է»,- ասել է Լուսինե Առաքելյանը։

Նա հավելել է՝ ազգակործաններն իշխանությունը պահում են բացառապես ուժայինների միջոցով՝ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ.

«Սրա պատճառն էլ ինձ համար պարզ է: 2018-ի իշխանազավթումից հետո մեր ինքնիշխանությունը վաճառել են թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ուժերին, որ Հայաստանը կարողանան օգտագործել որպես զենք՝  տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը վերացնելու համար: Այդ է պատճառը, որ մինչ օրս միջազգային հանրությունը աչք է փակում մարդու իրավունքների ոտնահարումների վրա»:

Լուսինե Առաքելյանը  զուգադիպություն չի համարում, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունից օրեր առաջ ԵՄ դեսպանները հանդիպել են իշխանական վերնախավի հետ.

«Դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց  փայը ստանալ իշխանություններից՝ խոստանալով աչք փակել ընտրական կեղծիքների ու ճնշումների վրա և արձանագրել «ժողովրդավարական» ընտրությունների փաստը:

Հայաստանը՝ մեր պետությունը, դարձել է գերտերությունների ձեռքի խաղաքարտը, որը, մեկը մյուսի դեմ օգտագործելով, փորձում է իր դիրքերն ամրապնդել։ Իսկ նման պարագայում Նարեկն ու Վազգենը և առհասարակ՝ «Անտիֆեյք» հարթակը մեծագույն վտանգ է, քանի որ Նարեկին ու Վազգենին լսում են լայն զանգվածները, և իշխանությունների գործը դժվարանում է։ Այլևս չեն կարողանում հեշտությամբ մոլորեցնել մարդկանց»։

Չնայած Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքին, պայքարը շարունակվելու է, նշեց քաղբանտարկյալի կինը.

«Կանգնե՛ք կողքիս, կանգնե՛ք՝  միասին պայքարենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման շարունակվող պրակտիկային վերջ դնելու, մեր պետությունը՝ ՀՀ 3-րդ Հանրապետությունը, ժողովրդավարացման հունի մեջ դնելու՝ ամուսնուս պայքարը շարունակելու հարցում»։

1/2980
bottom of page