Աառաջիկա 20 տարում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա. Ալեքսանդր Ռար
- Lilit

- Mar 19, 2024
- 2 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան կարծում եմ՝ կապ ունի ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին նշեց ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը:
«Ես լիովին վստահ եմ, որ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Արևմուտքի շահն այժմ ուղղված է դեպի հետխորհրդային տարածք և նպատակ ունի Ռուսաստանին մեկուսացնել իր նախկին խորհրդային հանրապետություններից։ Դա նաև նպատակ ունի Ռուսաստանին ցույց տալ, որ ԵՄ-ն նույնպես ուժեղ է և ունի որոշ գործիքներ, որպեսզի էլ ավելի թուլացնի Ռուսաստանին, այդ թվում՝ ուկրաինական ռազմաճակատում։ Ահա սա է ԵՄ ռազմավարությունը, և Հայաստանը, կարծում եմ, սա լիովին հասկանում է:
Այժմ Հայաստանի խնդիրն է, նպատակն է հասկանալ և իմանալ, թե ինչպես կարող է իր օգտին օգտագործել իրավիճակը։ Սա այն հարցն է, որը ես կուղղեի Հայաստանի իշխանություններին։ Կարծում եմ՝ նրանք վարում են ազգային շահերի վրա հիմնված արտաքին, անվտանգային քաղաքականություն, որը, ինչպես մենք այն հիմա քննարկում ենք, իհարկե, մեծապես բազմավեկտոր կողմնորոշում ունի, հաշվի է առնում բոլոր գործընկերների հետ համագործակցությանը, և կողմնորոշված չէ դեպի մեկ բևեռ և չի հեռանում շատ կարևոր գործընկերներից և հարևան երկրներից»,-ասաց նա՝ հավելելով, որ այս քաղաքականությանն այլընտրանք չկա։
Հարցին՝ որքա՞ն մոտ է Հայաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն, Ռարը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա առաջիկա 20 տարում։ Կարող եք, իհարկե, հարցնել ԵՄ հարցերով այլ փորձագետների, որոնք գուցե ավելի հակված են ԵՄ-ն տեսնելու որպես ինստիտուտ, կազմակերպություն, որն աճելու մեծ ներուժ ունի, սակայն քանի որ ինձ եք հարցնում, ապա պետք է ասեմ, որ իմ կարծիքով՝ ԵՄ-ն առաջին հերթին պետք է լուծի իր տնտեսական, ֆինանսական և սոցիալական, ինչպես նաև անվտանգային խնդիրները։ Սա պետք է հասկանալ։
ԵՄ-ն շատ բան չունի առաջարկելու այլ երկրներին, ինչպես 10 կամ 20 տարի առաջ էր, այն նույնպես ծանրաբեռնված է որոշակի ճգնաժամերով, օրինակ՝ միգրացիոն ճգնաժամը, ԱՄՆ-ի հետ խնդիրները, և, իհարկե, Ուկրաինայում պատերազմը։
Այս ամենը հարցականի տակ է դնում ԵՄ-ի ընդլայնվելու հնարավորություններն ու ներուժը: Այն բավականին հաջողությամբ ընդլայնվեց դեպի Արևելյան Եվրոպա, սակայն կորցրեց բոլոր տեսակի ուղիները ընդլայնվելու դեպի հյուսիսային Աֆրիկայի երկրներ՝ Մաղրիբ, ինչպես ուզում էր անել 10 տարի առաջ: Իսկ ԵՄ-ին անդամակցելու չափանիշները շատ ու շատ դժվար է կատարել։ Որոշ երկրներ, օրինակ՝ Սերբիան, կամ Թուրքիան, այո՛, ակնհայտ, բայց բազմաթիվ այլ պատճառներով, ի վիճակի չեն անդամակցել ԵՄ-ին և երբեք չեն դառնա ԵՄ անդամ:
Այնպես որ, հարցը միայն Բրյուսելի և Երևանի քաղաքական կամքը չէ, մասնավորապես եվրոպական երկրների ընտանիքին միանալու Հայաստանի ձգտումը։ Այն նաև տեխնիկական հարց է․ անդամակցության ձգտող երկիրը պետք է նաև կատարի տնային աշխատանքը՝ շատ օրենքներ փոխի, կարգավորի իրավական մի շարք խնդիրներ, ինչի համար տարիներ կպահանջվեն, ինչպես դա եղել է այլ երկրների դեպքում:
Եվ ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա առաջիկա տարիներին Եվրոպայում կամ այլուր, ինչ ելք կունենա Ուկրաինայի պատերազմը, արդյոք դա կարո՞ղ է նպաստել ԵՄ-ի ընդլայնմանը, թե հակառակը՝ ինչ-որ ձև կկասեցնի դա, և ԵՄ-ը կհասկանա, որ հասել է իր ընդլայնման առավելագույն կետին։ Երկու տարբերակն էլ հնարավոր են»,-ասաց նա:




















