Ադոնց 19/8 հասցեում վերելակները վտանգում են բնակիչների անվտանգությունը. նրանք պահանջում են խնդրի անհապաղ լուծում
- Lilit

- Aug 18
- 2 min read

Երևանի Ադոնց 19/8 հասցեում՝ Ճառագայթ թաղամասում, նորակառույց շենքերի բնակիչները շարունակում են բախվել լուրջ խնդրի, մասնավորապես՝ G, F և E մասնաշենքերի բնակիչներն ահազանգում են, որ մարդատար վերելակը շենքի շահագործումից ի վեր չի գործել, իսկ միակ աշխատող բեռնատար վերելակը, որից ստիպված օգտվում են, վթարային վիճակում է։
18 հարկանի շենքը կառուցվել է «ML Mining» ընկերության կողմից: Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն շահագործման է հանձնվել 2024 թ. հունիսին։ Այնուամենայնիվ, վերելակների սպասարկումը մինչ օրս չի ստանձնել սպասարկող «Innova Management» ընկերությունը։ Ըստ բնակիչների՝ այդ հարցում պատասխանատվությունը շարունակում է մնալ կառուցապատողի վրա, քանի որ սպասարկող ընկերությունն էլ վերելակները նման վիճակում չի վերցնի իր պատասխանատվության տակ։
Բնակիչ Մարիամ Մխիթարյանն ահազանգում է՝ վերելակները անջատվում են, հաճախ՝ հանկարծակի իջնում 2-3 հարկ, կանգնում, փակվում: Օդափոխության համակարգը բացակայում է, վթարային ահազանգման կոճակը՝ չի գործում։
Բնակիչների մտահոգությունները պարբերաբար բարձրաձայնվում են, կառուցապատող ընկերությունը վստահեցնում է, որ կկարգավորվի, բայց գործնականում որևէ փոփոխություն չկա: Անգամ շենքի բնակիչներով փակ խումբ են ստեղծել, որտեղ պարբերաբար ահազանգում են խնդրի մասին, փորձում լուծել դրանք:
«Գոնե ամիսը մի անգամ լիներ, կմտածեինք լավ, գալիս են, կարգավորում են, բայց անդադար է, ամեն օր: Իսկապես շատ անհանգստացած ենք կոնկրետ մեր կյանքի համար, որովհետև չենք ուզում ինչ-որ մեկին բան պատահի, նոր այս հարցըբ հանրային հնչեղություն և լուծում ստանա», - ասում է Մխիթարյանը:
Վերջին՝ շաբաթ օրը տեղի ունեցած դեպքից են բնակիչները կրկին սթափվել, հասկացել, որ խնդիրը պետք է անհապաղ լուծում ստանա: Այդ օրը շենքի բնակիչ Նանար Պետրոսյանի 14 տարեկան աղջիկը վերելակում էր մնացել մորաքրոջ և նրա երկու երեխաների հետ՝ 1.5 տարեկան և 6 ամսական, մինչև օգնության են հասել ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները և նրանց հանել վերելակից:
«Աղջիկս ահավոր վախեցել էր, դուրս եկավ՝ ձեռքերը, ոտքերը դողում էին, չէր կարողանում քայլել, չէր կարողանում խոսել։ Ուղղակի լուռ էր, չէր էլ ասում՝ վախեցել եմ: Քույրս ասում էր՝ վեց ամսականը մի կերպ էր շնչում», - պատմում է Նանար Պետրոսյանը։
Բնակիչ Լիլիթ Սիմոնյանն էլ է շաբաթ օրվա դեպքից սարսռել, զարմանում է՝ ինչպե՞ս են անչափահասները դիմացել:
«Իրականում ես այսպես ասեմ՝ այն օրվա վերելակում մնացածները հերոս են, որովհետև եթե ես իրենց փոխարեն մի ժամ մնայի վերելակի մեջ, չգիտեմ՝ իմ հետ ինչ կկատարվեր», - ասում է Սիմոնյանը:
Կապ հաստատելով կառուցապատող «ML Mining» ընկերության հետ, զանգերի կենտրոնի աշխատակիցն ասաց, որ կապ կհաստատեն մեզ հետ, սակայն այդպես էլ ոչ ոք կապ չհաստատեց:
Այս պահին բնակիչները պահանջում են հարցի վերջնական կարգավորում՝ վերելակների լիարժեք սպասարկում, անսարքությունների վերջնական վերացում և անվտանգության բոլոր բաղադրիչների ապահովում:




















