«ՀՐԱՊԱՐԱԿ». ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ
- Octopus Media

- Jan 20, 2024
- 2 min read

Նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը եւ դատարանի իրավազորությունը ճանաչելու մասին նախագիծը, այսինքն՝ մենք այլեւս կարող ենք դիմել Հռոմի միջազգային դատարան՝ ընդդեմ մեր դեմ ոտնձգություններ անողների, առաջին հերթին` Ադրբեջանի, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել։
Հռոմի ստատուտի վավերացումը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետեւ դա նշանակում էր, որ դատարանի կայացրած որոշումը՝ Վլադիմիր Պուտինին կալանավորելու եւ միջազգային դատարանին հանձնելու մասին, պարտավորվում էինք կատարել։ Ոմանք պնդում էին, որ Հռոմի ստատուտի վավերացումը հերթական անգամ սեպ է խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ ու կրկին բարդացնելու է ռուսական կողմի հետ մեր հարաբերությունները: Անցել է 4 ամիս, ի՞նչ է արվել Հռոմի միջազգային դատարան դիմելու եւ միջազգային ատյանում մեր հարցերը լուծելու ուղղությամբ՝ հետաքրքրվեցինք մենք։ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն այդ ստատուտի վավերացման ջատագովներից է: Ստատուտը վավերացվել է հենց ՍԴ-ում, սակայն Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ հետագա քայլերը պետք է գործադիր իշխանությունն անի։ «Եթե Դուք հարցնում եք, թե արդյոք մեր օրենսդրությամբ ստատուտին համապատասխանեցնելու համար ինչ քայլեր են արվում, ապա դրանով զբաղվում է գործադիր իշխանությունը: Մենք այդ հարցում ոչ մի առնչություն չունենք: Մենք մեր անելիքներն ավարտել ենք»,- ասում է Գրիգորյանը:
Բայց Դուք ստատուտի վավերացման ջատագովներից էիք, Հայաստանն այս ամիսների ընթացքում որեւէ հայցադիմում, պահանջ ներկայացրե՞լ է Հռոմի միջազգային քրեական դատարան, թե՞ Հռոմի ստատուտի վավերացումը բացառապես հակառուսական տրամադրություններ առաջացնելու համար էր՝ ռուսական կողմին հերթական անգամ սադրելու կամ Արեւմուտքին «շոյելու» համար։
«Խնդրում եմ հաշվի առնել երկու բան, նախ որ Հայաստանը ստատուտի լիիրավ անդամ է դառնում փետրվարի 1-ից, որովհետեւ ընթացակարգով այդպես է: Հայաստանը միակողմանի հայտարարություն է կատարել` իրավազորություն ճանաչելու մասով, միայն այդ սահմանափակ մասով, այսինքն, ստատուտն ուժի մեջ է մտել, բայց լիիրավ անդամ դառնում ենք փետրվարի 1-ից: Հայաստանը դեռ լիազորություններ չունի»,- նշեց նա: Իսկ այս ընթացքում ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որպես Հռոմի ստատուտը վավերացրած երկիր։ «Այդ մասն ընդամենը վերաբերում է դատարանի իրավազորությունը ճանաչելուն, եւ եթե կան կոնկրետ գործեր, որոնցով Հայաստանը կոնկրետ քննություն է լիազորում դատարանին, զուտ քննություն է սկսվում: Այսինքն` կոնկրետ գործերով կարող ենք համագործակցել, սակայն ոչ լիիրավ անդամ: Ես չգիտեմ՝ այս պահին կա՞ գործ, թե՞ ոչ»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը:




















