Ալիևի հայտարարած համաներումը չի վերաբերելու հայ պատանդներին. Սիրանուշ Սահակյան
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

«Անկեղծ ասած, Վիգեն Էուլջեքյանի կնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ուղղված նամակի հրապարակայնացման ու Ադրբեջանում սպասվող համաներման միջև որևէ կապ չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ համաներումը վերաբերելու է հայ պատանդներին, այստեղ տրամաբանական խզում տեղի կունենա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների, պատանդների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նա մանրամասնել է՝ ադրբեջանցի դատախազները, որոնք պետության ներկայացուցիչներ են, դատարաններում գերի պահվող անձանց արարքը և մեղքը ծանրացնող բազմաթիվ գործոնների մասին են խոսում, որից հետո հայցում են ցմահ ազատազրկման տեսքով պատժամիջոցներ՝ ինչ-որ չափով բավարարելով հասարակության հայատյաց տրամադրությունները։ Այս պայմաններում դժվար թե համաներման թիրախ լինեին հենց այս նույն հայ պատանդները։
«Կարծում եմ, Ադրբեջանում համաներումները պայմանավորված են ներքաղաքական ու այլ գործոններով, դրա համար չեն ազդելու հայ պատանդների վրա։ Նույնիսկ Վիգենի։ Մենք պետք է արձանագրենք, որ գերիների ազատ արձակումը կորցրել է իր մարդասիրական բնույթը»,- ընդգծել է իրավաբանը։ Սահակյանը փաստել է, Ադրբեջանը երբեք էլ մարդասիրական դիտանկյունից չի մոտեցել խնդրին, գերիների հարցը լրացուցիչ լծակ է՝ երաշխավորելու քաղաքական նշանակության հարցերում Հայաստանի իշխանությունների զիջումները։
«Նախկինում էլ ունեցել ենք դեպքեր, երբ ընտանիքի անդամները կրկին մարդասիրական նկատառումներով դիմել են Ադրբեջանի նախագահի տիկնոջը, սակայն դրան չի հաջորդել մարդասիրական ժեստ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ քանի դեռ ինչ-որ չափով լուծված չեն սակարկման առարկա դարձած հարցերը, Ադրբեջանի իշխանությունները նոր ազատ արձակում չեն կազմակերպի։
Հարցին, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Վիգեն Էուլջեքյանի կնոջ՝ օգոստոսին ուղարկված նամակի նոր հրապարակայնացումը, Սահակյանն ասաց՝ հնարավոր է՝ այն ունենա քարոզչական նպատակ։
Ավելի վաղ ասվել էր , որ Լինդա Էուլջեքջյանը նամակ է ուղարկել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն՝ Վիգեն Էուլջեքջյանին, որը գրեթե հինգ տարի բանտում է, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։




















