Ի՞նչ են հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները. Hetq.am
- 1 day ago
- 3 min read

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 200 թեկնածուներն ընդհանուր 5 մլրդ 797 մլն դրամին համարժեք գումար են հայտարարագրել, որից ավելի քան 1,5 մլրդ դրամը ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանինն է։ Թեկնածուները միասին 3 մլրդ 190 մլն դրամ եկամուտ են հայտարարագրել, սակայն նրանց 24%-ը գործազուրկ է։
Գործարարներ, փաստաբաններ և գործազուրկներ. ովքե՞ր են դաշինքի միլիոնատերերը, ովքե՞ր են ամենաբարձր եկամուտ ստացողները և ամենաշատ գույք ունեցող թեկնածուները։
«Հետք»-ն ուսումնասիրել է դաշինքի 200 թեկնածուների հայտարարագրերը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ձևավորվել է «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններից։
Դաշինքի 1-ին համարը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը։ Նա «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է։
Նարեկ Կարապետյանն անցումային համակարգողի կարգավիճակ է ունենալու, քանի որ դաշինքի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Թեև սահմանադրական խոչընդոտին՝ «Ուժեղ Հայաստան»-ը որոշել է, որ խորհրդարանում մեծամասնություն ձևավորելով՝ կփոխի Սահմանադրության 148-րդ հոդվածը: Ըստ այդ հոդվածի՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, այսինքն՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, միայն Հայաստանի քաղաքացի լինի։
Ի՞նչ են հայտարարագրել առաջին 5 համարները
Ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում 0.188 հա մակերեսով մեկ բնակելի տուն և 12 հողամաս՝ ընդհանուր 3.44 հա մակերեսով։ 0.4 հա մակերեսով մեկ հողամաս էլ Կարապետյանն ունի Վահագնի թաղամասում։
128.4 քմ մակերեսով 1 բնակարան էլ Կարապետյանը ունի Մոսկվայում։
Նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2025թ. արտադրության Toyota Camry և 2021թ. արտադրության Mercedes Benz։
Հաշվետու ժամանակահատվածում Կարապետյանը 675.000 դրամ աշխատավարձ է ստացել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ից և 56.2 մլն դրամ նվիրատվություն՝ Արթուր Հովագիմյանից։
Նարեկ Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 16.5 մլն դրամ, 1.8 մլն դոլար և 2.1 մլն եվրո։
«Տաշիր ագրո» ՓԲԸ-ի 100%-ը, «Սյունէներգաշին» ՓԲԸ-ի 98.8%-ը և «Թի թաուեր» ՓԲԸ-ի 50%-ը պատկանում են Նարեկ Կարապետյանին։
Ցուցակի երկրորդ համարը փաստաբան Արամ Վարդևանյանն է, ով 2021թ.-ին պատգամավոր էր ընտրվել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Նա 3 բնակարան է հայտարարագրել Երևանում (49.9 քմ, 62.1քմ, 76.56 քմ), 2 ավտոմեքենա՝ 2024թ. արտադրության BYD yuan plus և 2022թ. Lexus RX 350։
Ընդհանուր 164 մլն 47 621 դրամի եկամուտ և 175 մլն դրամի, 29 000 դոլարի դրամական միջոց է հայտարարագրել։
Նա «Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակ»-ի հիմնադիր-փաստաբան է, 67% բաժնեմաս ունի։
Ցուցակի 3-րդ համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագծերի ղեկավար Գոհար Մելոյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանում՝ 102.6 քմ, 1 բնակելի տուն Առինջ գյուղում՝ 276.9 քմ և 1 ոչ բնակելի տարածք Երևանի կենտրոնում՝ 135.45 քմ մակերեսներով։
Հայտարարագրել է 7,9 մլն դրամ և 4700 դոլար։ «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» ՍՊԸ-ում 25% բաժնեմաս ունի, ընկերության համահիմնադիրն է։ Հաշվետու ժամանակահատվածում 17 մլն 580 հազ. 040 դրամ եկամուտ է ստացել։
Դավիթ Ղազինյանը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է, ցուցակի 4-րդ համարը։
Հայտարարագրել է 3 հողամաս, որոնցից երկուսը (5,9 հա, 1,1 հա) Դիլիջանում են, մեկը՝ Հրազդանում (5 հա)։
3 բնակելի տուն ունի Երևանում (536 քմ), Արագածոտնում (454 քմ) և Կոտայքում (187 քմ), 4 ավտոմեքենա։
Որպես 8 մլն դրամը գերազանցող գույք Ղազինյանը հայտարարագրել է 10 մլն դրամ արժողությամբ ժամացույց։
Նա 19,6 մլն դրամի եկամուտ է ստացել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն»-ից, 643 413 դրամի և 870 դոլարի վարկ է վերցրել։
100 մլն դրամ, 200 հազար դոլար և 50 000 եվրո. այսքան դրամական միջոց է հայտարարագրել Ղազինյանը։
«Ռոադիքս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերը պատկանում են նրան, «Կարիգագ» ՍՊԸ-ի՝ 70%-ը, «Տաճատ-62» և «Տիդա 2023» ՍՊԸ-ների 50%-ը։
Ցուցակի հնգյակը ավարտվում է կուսակցության նախագծերի ղեկավար Ռուբեն Մխիթարյանով։
Նա հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանում (91,7քմ) և Աբովյան (95,01քմ) քաղաքում, 1 ավտոմեքենա՝ 2018թ. արտադրության Mercedes-Benz GLS։
Մխիթարյանն ունի18 մլն 489 հազ. ընդհանուր եկամուտ, 1870 ֆրանկ էլ նվիրատվություն է ստացել։
Նրա դրամական միջոցները կազմել են 73 մլն դրամ, 10 հազ. դոլար, 15 հազ. Ֆրանկ։




















