top of page

07։10 տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին․ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը․ «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 27
  • 2 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ թվագրվեց Արցախյան 2-րդ պատերազմի մեկնարկի օր։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին լուսաբացին մարդկանց մեծ մասը գուցե չի էլ հիշում, թե ինչով էր զբաղված, սակայն 07։10 տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին, որը երբեք չի մոռացվի․ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։

Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել:

Ադրբեջանական ԶՈՒ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվեց ռազմական դրություն։

Դպրոցներում աշակերտները քողարկող ցանցեր էին պատրաստում, երիտասարդները սնունդ և առաջին օգնության պարագաներ էին հավաքում՝ առաջնագիծ ուղարկելու համար։ Բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ 44 օր շարունակ կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար։

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ՝ կասետային և ֆոսֆորային զենքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգել է հայ գերիներին, որը շարունակվեց նաև պատերազմի ավարտից հետո։

Պատերազմից հետո արդեն Արցախի նախագահը պատմում է, որ նոյեմբերի 7-ին ամբողջությամբ կորցրել էին վերահսկողությունը Շուշիի նկատմամբ:

Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Պատերազմն ավարտվեց մի ստորագրությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլյացիոն համաձայնագրով, որը անվանվեց «Եռակողմ պայմանավորվածություն»։

Պատերազմի 44-րդ օրը «Հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին․ մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, Արցախի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորներ, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և անորոշություն ու բազմաթիվ հարցեր:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը պաշտոնապես 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ կորած են 2 տասնյակից ավելի զինվորական և քաղաքացիական անձինք, չորս տարի անց դեռ չճանաչված մասունքներ կան դիահերձարաններում։ Զինվորների մարմինների մի մասը գետնին էին՝ պարկերի մեջ:

Բազմաթիվ հայ գերիներ մինչ օրս զրկված են հայրենիք վերադառնալու իրավունքից։ Տասնամյակներ շարունակ հայերի ենթակայության տակ գտնվող Արցախը, որ վերջին երեսուն տարում անասելի շենացրել էր հայ բնակչությունը, մասամբ դադարեց լինել հայկական։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից կրկին հրահրած պատերազմի արդյունքում Արցախը դադարեց լինել հայկական։ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ այդպիսով վերջնականապես փակելով Արցախի էջը»։

1/2937
bottom of page