top of page

Ռուսական դպրոցներին հանձնարարել են սահմանափակել միգրանտների երեխաների ընդունելությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 18, 2024
  • 1 min read
ree

Ռուսական դպրոցներին եւ մինչդպրոցական կրթական կազմակերպություններին հանձնարարել են սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների՝ ռուսերենին վատ տիրապետող երեխաների ընդունելությունը։ Այս մասին վկայում են լուսավորության նախարարության նոր մեթոդական հանձնարարականները, որոնց ծանոթացել է «Известия»-ն։

«Անհրաժեշտ է ձգտել, որպեսզի դասարանում (խմբում) չլինի երեքից ավելի երեխա, որոնք վատ են տիրապետում ռուսերենին»,- նշված է փաստաթղթում։ 17 շրջաններում անցկացված հետազոտությունը ցույց է տվել. մանկավարժներն ավելի վատ են կատարում իրենց պարտականությունները, եթե դասարանում կամ խմբում ռուսերեն վատ խոսող երեք երեխայից ավելի կա։

Լուսավորության նախարարությունում ընդգծել են, որ օտարերկրացիների երեխաները պետք է հավասարաչափ բաշխվեն մեկ զուգահեռի շրջանակում, իսկ թիրախային կողմնորոշիչը՝ դասարանում երեք մարդ, չպետք է պատրվակ հանդիսանա, որպեսզի նրանց մերժեն ուսուցանել։

Մինչ այդ Պետդումայի պատգամավորները «Արդար Ռուսաստան, հանուն ճշմարտության» կուսակցությունից առաջարկել էին սահմանափակել օտարերկրացիների երեխաների թիվը ռուսական դպրոցներում դասարանի թվաքանակի 10 տոկոսի չափով։

«Լուսավորության նախարարությունը կողմ է մեր առաջարկին։ Նշված միջոցները կնպաստեն միգրանտների ինտեգրմանը Ռուսաստանի սոցիուում»,- ասել է պատգամավոր Յանա Լանտրատովան։

Նրա խոսքով, երբ օտար քաղաքացիների երեխաների թիվը դասարանում գերազանցում է 10 տոկոսը կամ գերազանցում է ռուսաստանցիների թիվը, ապա այդ սովորողները ձգտում են շփվել իրենց էթնիկ խմբում, ինչն անդրադառնում է կրթության գործընթացի եւ դասարանի սոցիալական իրադրության վրա։

Այս հարցն այնքան էլ հեշտ չէ, քանի որ չի կարելի մերժել այդ երեխաներին ուսուցման հարցում, ասում է Ռուսաստանի վաստակավոր ուսուցիչ Լյուբով Պավլյուչենկովան։ «Բայց եւ միաժամանակ, երբ դասարանում նման երեխաները շատ են, ապա ուսուցչի համար շատ դժվար է կառավարել դասարանը, հատկապես դժվար է, եթե երեխաներն ընդհանրապես ռուսերեն չեն հասկանում»,- նշել է նա։

Սովորական դասարանում հայտնվելուց առաջ օտարերկրացի երեխան պետք է ինտենսիվ ռուսերեն ուսումնասիրի, այլապես չի կարողանա յուրացնել ոչ մի առարկա, պատասխանել ուսուցչի հարցերին եւ քննություն հանձնել, կարծում է «Սիներգիա» կրթական կորպորացիայի նախագահ Վադիմ Լոբովը։ Նրա խոսքով՝ նման երեխաների ադապտացումը դժվար գործընթաց է ամբողջ դպրոցի համար՝ ուսուցիչներից մինչեւ սովորողներ։ 

1/2946
bottom of page