top of page

Viva և Մատենադարան․ մշակութային ժառանգության թվային պաշտպանություն և E2E IoT-պատրաստի սցենարներ բիզնեսի համար

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Հին ձեռագրերի ինստիտուտի ֆոնդերի պահպանությունը կիրականացվի Viva-ի տրամադրած Viva IoT Hub-ի միջոցով:

Viva-ն վերահատատում է իր հանձնառությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ ներդնելով համապարփակ թվային լուծումներ Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Այսուհետ, շնորհիվ կլիմայի մշտադիտարկման՝ IoT նորագույն լուծումների վրա հիմնված համակարգի, Մատենադարանի ձեռագրերի պահպանման համար կապահովվի ավտոմատացված և թվայնացված մոնիթորինգ։ 

Հնագույն ձեռագրերը պահանջում են ոչ միայն հոգատար վարվելակերպ, այլև վերահսկվող, չափելի և կայուն միջավայր: Մինչև վերջերս թանկարժեք ֆոնդերի ջերմաստիճանի վերահսկումն իրականացվում էր ավանդական մեթոդով՝ սնդիկային ջերմաչափերով, ինչը սահմանափակում էր դիտարկումների ճշգրտությունը և արձագանքի արագությունը: Viva IoT Hub հարթակը Մատենադարանի աշխատակիցներին կօգնի արագ հայտնաբերել և կանխել պոտենցիալ ռիսկերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձեռագրերի պահպանման համար։ Բացի դրանից՝ նոր համակարգը տալիս է հեռավար մոնիթորինգի ու տվյալների երկարաժամկետ վիճակագրության հնարավորություն, ինչի շնորհիվ մասնագետները կարող են աշխարհի ցանկացած կետից վերահսկել ու արդյունավետորեն իրականացնել ֆոնդերի պահպանման գործընթացը։ Սահմանված ցուցանիշներից ցանկացած շեղման դեպքում պատասխանատու անձն անմիջապես կստանա ծանուցում SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։

«Դարավոր մշակութային ժառանգության պահպանումն այսօր պահանջում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Viva IoT Hub-ը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով վերահսկել հին ձեռագրերի պահպանման պայմանները։ Սրանք պարզապես «թանգարանային տվիչներ» չեն, այլ ամբողջական լուծում, որը ներառում է սենսորների հավաքածու, կապի ալիքներ, հավաքագրման, վերլուծության, վիզուալիզացման և նախազգուշացման համակարգ, ինչպես նաև օգտագործողի համար հարմար ինտերֆեյսի վահանակ, որը ներկայացնում է տվյալները հարմար ձևաչափով։ Այն Viva-ի կորպորատիվ հաճախորդներին ցուցաբերած մոտեցման օրինակ է՝ միասնական B2B հարթակ և ամբողջական ներդրման ցիկլ։ Ամիսներ առաջ Viva-ն Մատենադարանի համար ձեռք էր բերել շատ կարևոր մի ձեռագիր, որը 100 տարի կորսված էր համարվում: Այսպիսով՝ Viva-ն մասնակցում է ինչպես «ձեռագրերի վերադարձին», այնպես էլ վերադարձված գանձերի անվտանգ պահպանմանը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

1/3145
bottom of page