Սկզբում տալիս եք ուրիշ շինթույլտվություն, հետո շենքը ջրում եք, սնկի պես բոյ ա առնում. Ավագանու անդամը՝ Ավինյանին
- Lilit

- 3 hours ago
- 2 min read

Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանալ, ո՞նց եք որոշում, որ կոնկրետ այս հարցը պիտի լինի զեկուցվող, այսինքն երևանցու համար շատ ավելի կարևոր է, քան օրինակի համար, որ հասարակական կարգին 80 միլիոն դրամ փող եք տրամադրում, որ մտնեն ավտոբուսները մարդկանց տուգանեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Ի պատասխան Ավինյանն ասաց. «ես հասկանում եմ, որ մի քիչ մեր ավագանու և նիստի վարման կանոնակարգը միգուցե դժվար ընկալելի է, բայց ունենք զեկուցող, ունենք զեկուցվող հարց, ունենք զեկուցվող հարցի վերաբերյալ ավագանու անդամների հարցերի գրանցում, որոնք պետք է ուղղված լինեն զեկուցողին՝ զեկուցվող հարցի վերաբերյալ։ Ձեր հարցերը այս տեսակ ազատ ոճի և ֆորմատի, որոնք բազմաթիվ անգամ այս երեք տարիների ընթացքում դուք այստեղ բարձրաձայնել եք, կարող եք տալ հարցուպատասխանի ժամանակ։ Հուսով եմ համապարփակ պատասխանեցի ձեր հարցին»։
Մեսրոպ Մանուկյանն էլ արձագանքեց. «Հասկանալի էր, որ իմ հարցն էլ ձեր համար շատ բարդ էր ու ընկալելի չէր և նորմալ է, որ պատասխանը այդպես անտրամաբանական էր։ Հիմա հարցը ձեզ է ուղղված. էն որ ասում եք՝ մենք արտոնություն տալու կարգը դժվարացնում ենք այն շինարարների համար, որոնք նորմերը կխախտեն, այսինքն իրենք մոտիվացված լինեն ցանցապատելու շինությունը, բայց ես երեք տարի անընդմեջ ձեր հասարակական կարգի վարչությանը նամակ եմ գրում, որ ձեր քթի տակ Ֆիրդուսի 33-րդ թաղամասում ցեխոտ, առանց նորմերը պահելու, առանց ցանցապատ լինելու վիճակ է, ասում եմ՝ եկեք դեմն առեք, ինձ պատասխան են գրում՝ մենք գնացինք դեպքի վայրում նման խախտում չկար։ Իսկ ավելի ճիշտ ու տրամաբանական չի լինի՞, որ եթե շինարարը չի հետևում, թքած ունի այդ ամեն ինչի վրա, ուղղակի հնարավորություն տրվի դադարեցնելու իրենց գործունեությունը։ Այսինքն մարդու վտանգը, վախը դրանով պայմանավորված լինի։ Թե չէ հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ վերջում այդ մարդիկ իրենց ամեն ինչն էլ ստանում են, շենքը ի սկզբանե տրվում է ուրիշ շինթույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք, բոյ է առնում այդ շենքը։ Եթե տեղերը չգիտեք, ցույց էլ կտամ այդ տեղերը»։
Քաղաքապետի խոսքով, այսօր օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, բայց նման հնարավորություն նոր օրենսդրական փաթեթում կա։




















