Բժիշկը զգուշացրել է տարածված դեղամիջոցներից առաջացող արևայրուքի մասին
- 4 days ago
- 1 min read

Որոշ դեղամիջոցներ կարող են մեծացնել մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, այդ իսկ պատճառով նույնիսկ արևի տակ կարճատև մնալը կարող է հանգեցնել արևայրուքի, ցանի կամ պիգմենտացիայի, RT-ին ասել է մաշկավեներաբան Անաստասիա Զուբովան։
Մասնագետի խոսքով՝ լուսազգայունությունը առաջանում է, երբ որոշակի նյութեր մտնում են օրգանիզմ կամ շփվում մաշկի հետ՝ ուժեղացնելով արևի լույսի նկատմամբ ռեակցիան։
Զուբովան ընդգծել է, որ վտանգը սահմանափակված չէ միայն լողափով։ Ռեակցիա կարող է առաջանալ նաև քաղաքում զբոսնելիս, մեքենա վարելիս կամ գյուղում աշխատելիս։
Բժշկի խոսքով՝ լուսազգայունացնող ազդեցություն կարող են առաջացնել հակաբիոտիկները, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, միզամուղները, որոշակի սրտանոթային և հոգեմետ դեղամիջոցները, ինչպես նաև հակասնկային, հակաքաղցկեղային և ռետինոիդ դեղամիջոցները։
Ամենից հաճախ գերզգայունությունը դրսևորվում է արագ արևայրուքով, կարմրությամբ, քորով, ցանով և պիգմենտային բծերի առաջացմամբ։ Ռեակցիայի ծանրությունը կախված է կոնկրետ դեղամիջոցից, դեղաչափից, արևի տակ մնալու ժամանակից, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունից և մաշկի անհատական առանձնահատկություններից։
Եթե անձը ընդունում է նման ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, արևայրուք ընդունելը խորհուրդ չի տրվում։




















