Վրաստանում մեկ օրում ձերբակալվել է «քրեական ենթամշակույթի» հետ կապ ունեցող 80 մարդ. հայտնի է պատճառը

Վրաստանի ոստիկանության և գլխավոր դատախազության աշխատակիցներն անցած օրվա ընթացքում Թբիլիսիում և տարածաշրջաններում ձերբակալել են «քրեական ենթամշակույթի» հետ կապեր ունեցող 80 անձի, ևս 14 անձի մեղադրանք կներկայացվի քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք կրում են ազատազրկման պատիժը, ինչպես նաև հեռակա կարգով: Այս մասին ճեպազրույցում հայտնել է քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Դավիթ Կիկնաձեն։
Նրա խոսքով՝ ոստիկանական մասշտաբային գործողությունն անցկացվել է օպերատիվ տվյալների հիման վրա և դատարանի թույլտվությամբ։
«Քննությամբ պարզվել է, որ ձերբակալված անձինք կապի մեջ են եղել արտասահմանում գտնվող այսպես կոչված «օրենքով գողերի» հետ և նրանց իմացությամբ կազմակերպել «գողական հաշվեհարդարներ»՝ լուծելով առանձին քաղաքացիների ֆինանսական վեճերը»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ձերբակալվածներին սպառնում է ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով:




















