top of page

Տուգանքից մինչև 6 ամսով վարորդական իրավունքի կասեցում․ ինչ պետք է իմանան վարորդները

14 hours ago
3 min read

Վարորդական տուգանքների համակարգում կան կանոններ, որոնք կարող են և՛ խնայել գումարը, և՛ թանկ նստել։ Փաստաթուղթը կամ ԱՊՊԱ պայմանագիրը 24 ժամում ներկայացնելը կարող է ազատել տուգանքից ամբողջությամբ կամ դրա 75 տոկոսից, իսկ տուգանային միավորների կուտակումը 13-ի հասնելիս առաջացնում է վարելու իրավունքի կասեցում վեց ամսով։ Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։


Ե՞րբ 24 ժամում ազատվում եք տուգանքից ամբողջությամբ 


Օրենսգրքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է իրազեկել վարորդին, որ 24 ժամվա ընթացքում փաստաթուղթը ներկայացնելու դեպքում նա կարող է ազատվել պատասխանատվությունից։ Եթե վարորդն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ներկայացնում է փաստաթուղթը, նա վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ եթե տույժն արդեն նշանակված է, ազատվում է այն կատարելու պարտականությունից։


Առանց փաստաթղթերի վարելու տուգանքն ինքնին 3000 դրամ է, իսկ «այլ փաստաթղթեր» են համարվում հաշվառման և մաքսային փաստաթղթերը, ինչպես նաև բժշկական տեղեկանքը, բայց դրանց թվում չեն լիազորագիրը, ուղեգիրը և բեռնաուղեգիրը։


Ե՞րբ 24 ժամում ազատվում եք միայն 75 տոկոսից


Օրենսգրքի 129.2-րդ հոդվածով առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու տուգանքը 100 000 դրամ է։ Եթե վարորդը իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսիվճարման պարտականությունից, այսինքն՝ վճարում է 25 000 դրամ։ Առանձին իրավախախտում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր. դրա համար սեփականատերը կամ վարձակալը տուգանվում է յուրաքանչյուր տասն օրվա համար 5000 դրամով, բայց տարեկան ոչ ավելի, քան 50 000 դրամով։ 


Ինչպե՞ս են կուտակվում տուգանային միավորները


Օրենսգրքի 25.1-ին հոդվածով վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարով տրվում է 13 միավոր, իսկ փորձաշրջան սահմանվելու դեպքում՝ 6 միավոր։ Յուրաքանչյուր հաջորդ տարի կրկին տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա մնացորդը չի փոխանցվում։ Խախտում ամրագրելիս միավորներն ինքնաշխատ եղանակով հանվում են, իսկ որպես տույժ կիրառվում է 0,25, 0,5, 1, 1,5, 2, 3, 4 կամ 5 միավոր։


Ի՞նչ է լինում 13 միավորի դեպքում


129.3-րդ հոդվածով, եթե խախտման համար նախատեսված միավորի և տվյալ տարում արդեն կիրառված միավորների հանրագումարը կազմում է 13 կամ ավելի, դա առաջացնում է վարելու իրավունքի կասեցում վեց ամիս ժամկետով։ Կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելն արդեն առաջացնում է իրավունքից զրկում մեկ տարով։ Իսկ փորձաշրջանում գտնվողի համար շեմը 6 միավոր է, և հետևանքը՝ ուղղակի զրկում մեկ տարով։ Համեմատության համար՝ ոչ սթափ վիճակում վարելը 5 միավոր է, հանդիպակաց գոտի դուրս գալը՝ 4, արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը՝ 3, լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելը՝ 2, հեռախոսակապից օգտվելը՝ 1,5, իսկ կանգառի և կայանման կանոնները խախտելը՝ 0,25 միավոր։


Ո՞ր խախտումների դեպքում տուգանք ընդհանրապես չի կիրառվում


124-րդ հոդվածի 34-րդ մասով հոդվածի թվարկված մասերով նախատեսված խախտումները նվազ նշանակություն ունենալու դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և վարչական պատասխանատվության միջոց չի կիրառվում։ Օրինակ՝ համընթաց հոսքերի հոծ գիծը հատելը նվազ նշանակություն ունի, եթե առջևի երկու անիվն ամբողջությամբ չեն հատել գծանշումը և վտանգ չի ստեղծվել, իսկ կանգառը՝ եթե տևել է մինչև մեկ րոպե՝ միայն ուղևոր նստեցնելու կամ իջեցնելու համար։ 


Ի՞նչ է սպասվում նոր նախագծով


Քննարկվող փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը հնարավորություն տալ տեղում՝ տեխնիկական միջոցով, թքի մեջ ստուգել թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը։ Հիշեցնենք, որ զննություն անցնելուց խուսափելու հետևանքը գործող օրենսգրքով իրավունքից զրկում է երկու տարով, նույնքան, որքան թմրամիջոցի ազդեցության տակ վարելու համար։ Նույն փաթեթով առաջարկվում է նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար սահմանել 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ 


«Ամփոփելով՝ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարելու դեպքում 24 ժամում դրանք ներկայացնելը ազատում է պատասխանատվությունից ամբողջությամբ, առանց ԱՊՊԱ-ի վարելու դեպքում նույն ժամկետում խախտումը վերացնելն ազատում է տուգանքի 75 տոկոսից, տարեկան վարորդին տրվում է 13 միավոր, որոնք հաջորդ տարի չեն փոխանցվում, 13 միավորի հասնելու դեպքում վարելու իրավունքը կասեցվում է վեց ամսով, իսկ կրկնության դեպքում՝ զրկում մեկ տարով, փորձաշրջանում գտնվողի համար շեմը 6 միավոր է, իսկ նվազ նշանակության դեպքերում տուգանք չի կիրառվում, և անձը համարվում է նախազգուշացված», – տեղեկացնում է կայքը։

1/3652
bottom of page