«Արևմտյան Ադրբեջան վերադարձի օրն արդեն մոտ է». Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ

Մինչ Հայաստանում անհույս փորձեր են արվում «փայփայել» փխրուն խաղաղությունը, Ադրբեջանը հերթական քայլն է անում դեպի Հայաստան։ Նախկինում «փորձագետների» հայտարարած «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հորինովի խոսույթը կրկնել են արդեն ավելի բարձր մակարդակում՝ երկրի խորհրդարանում։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսպես, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Զիյաֆաթ Ասգարովը հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի վերադարձը մեր հիմնական նպատակներից մեկն է»։
Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող իրենց հորինած «Արևմտյան Ադրբեջանի» հողերը իբր «պատմական ադրբեջանական հողեր են»։ Միևնույն ժամանակ ադրբեջանցի մեջլիսի փոխխոսնակը պնդում է, թե «Ադրբեջանը որևէ պետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի»։
Նա նաև նշել է, որ «վերադարձի օրն արդեն մոտ է»։
Նույն հարցազրույցում նա հղում է կատարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով և զենքով, այլ մեքենաներով»։




















