top of page

Հանրապետության հրապարակի շատրվանները կփոխվեն

7 minutes ago
1 min read

Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանը։


«Այս տարի լրանում է Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։


Խորհրդանշական այս տարում, շատրվանների վերջին վերանորոգումից շուրջ 20 տարի անց, պատրաստվում ենք նաև շատրվանների համալիր արդիականացմանը՝ ջրային շոուների և շատրվանային համակարգերի նախագծման ոլորտում երկարամյա միջազգային փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության հետ։


Այսօր շատրվանների տեխնիկական համակարգերն արդեն զգալիորեն մաշված են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակ։ Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային ու լուսաձայնային էֆեկտներ, իսկ երաժշտական ծրագիրը գրեթե հնարավոր չէ թարմացնել։


Նախագծով տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ ստեղծելով նոր ջրային, լուսային ու ձայնային հնարավորություններ և թույլ տալով պարբերաբար թարմացնել ծրագիրը։


Աշխատանքների ավարտին կունենանք Հանրապետության հրապարակի գեղեցկությանը համահունչ և քաղաքի գլխավոր հրապարակին արժանի շատրվաններ»,- ասվում է քաղաքապետի խոսքում։

1/3652
bottom of page