top of page

Ադրբեջանի գործողությունների ծանր հետևանքները․ Հայաստանի բնակիչները զրկվել են խմելու ջրից․ պատգամավոր

16 hours ago
1 min read


Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի մի շարք տարածքներում վնասվել են էկոհամակարգերը, այդ թվում՝ անտառները, իսկ որոշ բնակավայրերի բնակիչներ զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ COP17-ի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։



«Ցավով պետք է արձանագրել, որ կենսաբազմազանության հարցերը նաև բացասական համատեքստ են ստանում։ Հաճախ կենսաբազմազանության համակարգերն ու ռեսուրսները դառնում են հակամարտության թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ ու նպատակ։ Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ»,– հավելել է պատգամավորը։



Մանուկյանի պնդմամբ՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության և անտառածածկույթի կորստի ու դեգրադացիայի։ Նա օրինակ է բերել Արծվաբերդի անտառտնտեսությունը, Շիկահողի արգելոցը և Ջերմուկի անտառները։ Պատգամավորի պնդմամբ՝ այդ դեպքերից մի քանիսը փաստագրվել են ՀՀ պետական մարմինների կողմից, ինչպես նաև արբանյակային լուսանկարների միջոցով։



Նա անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հետևանքներին՝ նշելով, որ դրանք խնդիրներ են ստեղծել ոչ միայն բնապահպանության, այլև ջրային ռեսուրսների հասանելիության տեսանկյունից։



«Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից»,– ընդգծել է Մանուկյանը՝ դա որակելով մարդու իրավունքների խախտում։



Պատգամավորը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը։



«Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև այն հակամարտությունների պատճառ, թիրախ կամ ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»,– նշել է Մանուկյանը։



Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

1/3671
bottom of page