top of page

Ֆրանսիան՝ արտակարգ դրության շեմին․ իրավիճակը լարվում է

Oct 19
1 min read

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հայտարարել է, որ իշխանությունները կարող են արտակարգ դրություն մտցնել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Սակայն այս փուլում բռնի բողոքներով պայմանավորված ճգնաժամը կարգավորելու համար նա ավելի նպատակահարմար միջոց է համարում պարետային ժամի սահմանումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։


«Ես լիովին վճռական եմ վերականգնելու կարգուկանոնը։ Եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ»,- հայտարարել է Լըկոռնյուն արտակարգ խորհրդակցությունից հետո՝ հավելելով, որ չի բացառում արտակարգ դրության մտցումը։ 


«Սակայն ներկա հանգամանքներում պարետային ժամի սահմանումը և համապատասխան միջոցների իրականացումը թվում են ավելի նպատակահարմար լուծում՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որի հետ կարող ենք բախվել»,- պարզաբանել է նա։


Ֆրանսիայում արտակարգ դրությունն իշխանություններին սովորական ոստիկանական միջոցների շրջանակից դուրս ժամանակավոր լիազորություններ է տալիս։ Դրանք կարող են կիրառվել հասարակական կարգին կամ ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին ի պատասխան։


Նման միջոցները կարող են ներառել պարետային ժամի սահմանում, տեղաշարժի սահմանափակումներ և հրապարակային ցույցերի արգելք։


Լըկոռնյուն հայտնել է, որ տարածաշրջանային իշխանություններին խնդրել է տեղաշարժի տեղային սահմանափակումներ սահմանել, մասնավորապես՝ ձեռնարկությունների և խանութների պաշտպանության համար։


Այն տարածքների քարտեզը, որտեղ գործելու է պարետային ժամը, նախատեսվում էր հրապարակել ավելի ուշ՝ քաղաքապետերի հետ խորհրդակցություններից հետո։

1/3706
bottom of page