Վերջին 20 տարում աշխարհում սպանվել է ավելի քան 1600 լրագրող. ՅՈՒՆԵՍԿՕ

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում սպանվել է 1641 լրագրող, ինչը նշանակում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր չորս օրը մեկ լրագրող է սպանվել։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի հրապարակած նոր զեկույցում։
Կազմակերպության տվյալներով՝ վիճակագրությունն ընդգրկում է 2006 թվականից սկսած ժամանակահատվածը, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսել է լրագրողների սպանությունների համակարգված մշտադիտարկումը։
Զեկույցում նշվում է, որ լրագրողների սպանությունների զգալի մասը կապված է զինված հակամարտությունների հետ։ Մասնավորապես, 2006-2007, 2012-2015 և 2023-2025 թվականներին հենց զինված հակամարտություններն են դարձել լրագրողների մահվան հիմնական պատճառը։
Ներկայացված տվյալներն ընդգծում են լրագրողների անվտանգության ապահովման խնդրի արդիականությունը, հատկապես պատերազմների և զինված բախումների պայմաններում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների կյանքին սպառնացող վտանգների վրա։




















