Եգիպտոսում վերականգնողական ավելի քան 20 տարվա աշխատանքներից հետո բացվել է Ամենհոտեպ III-ի դամբարանը
- Lilit

- Oct 5
- 2 min read

Եգիպտոսում, հարավային Լուքսոր քաղաքում, շաբաթ օրը բացվել է փարավոնի դամբարանը վերականգնման ավելի քան 20 տարվա աշխատանքից հետո, Կահիրեում Մեծ Եգիպտական թանգարանի պաշտոնական բացման շրջանակում, տեղեկացրել է Associated Press-ը։
Ամենհոտեպ III-ի հսկայական դամբարանը, որը կառավարել է Հին Եգիպտոսը մ.թ.ա. 1390-1350թթ., գտնվում է հայտնի Թագավորների հովտի արեւմտյան կողմում։
Եգիպտոսի իշխանությունների՝ հնությունների պահպանության գծով պաշտոնյաների տվյալներով՝ այն հայտնաբերվել է 1799թ․ երկու մարդու կողմից, դրա պարունակությունը, այդ թվում՝ սարկոֆագը, թալանվել է։
Հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամեդ Իսմայիլի խոսքով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ճապոնիայի գլխավորությամբ իրականացվել է եռափուլ վերականգնման ծրագիր, որը ներառել է դամբարանի պատերին փարավոնի եւ նրա կնոջ պատկերների վերականգնումը։
Դամբարանը սկսվում է 36 մետր երկարությամբ եւ 14 մետր խորությամբ անցուղով, որն անցնում է Թագավորների հովտի տակով։ Այն ներառում է թագավորի գլխավոր թաղման խցիկը եւ նրա կանանց՝ թագուհիներ Թիյեի եւ Սիտամունի երկու այլ խցիկներ։ Ի տարբերություն հովտի մյուս հին դամբարանների՝ այն լիովին զարդարված չէ, նշել է Իսմայիլը։ Որմնանկարները պատկերում են Ամենհոտեպ III-ին հին եգիպտական աստվածների խմբի հետ, իսկ դամբարանի վրա կան արձանագրություններ՝ «Մեռյալների գրքից» տեսարաններով, որը կախարդանքների հավաքածու է, որը նախատեսված է մահացածներին հին եգիպտական ստորգետնյա աշխարհ ուղղորդելու համար։
Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարանի տվյալներով՝ Ամենհոտեպ III-ի մումիան հին քրմերի կողմից տեղափոխվել է նրա պապի՝ Ամենհոտեպ II-ի դամբարան, որը նույնպես գտնվում է Թագավորների հովտում։
Լուրջ վնասված մումիան ցուցադրվում է թանգարանում՝ Հին Եգիպտոսի 17 թագավորների եւ թագուհիների 16 այլ մումիաների հետ միասին: Ամենհոտեպ III-ը Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի ամենաակնառու փարավոններից մեկն էր, որը կառավարել է մ.թ.ա. 1550-1292թթ.։
Հայտնի լինելով որպես Ամենհոտեպ Մեծ՝ նա գահ է բարձրացել դեռահաս տարիքում եւ կառավարել մինչեւ 38 տարեկանը, ըստ Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարանի։
Դամբարանի բացումը տեղի է ունեցել Գիզայի բուրգերի կողքին գտնվող Մեծ Եգիպտական թանգարանի պաշտոնական բացումից մոտ մեկ ամիս առաջ: Թանգարանի բացումը նախատեսված է նոյեմբերի 1-ին։




















