Եվրամիությունը կիրակի օրը գործարկել է մուտքի և ելքի թվային համակարգի ներդրումը
- Lilit

- Oct 12, 2025
- 1 min read

Կիրակի՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպական միության և Շենգենյան գոտու արտաքին սահմաններում սկսվել է մուտքի և ելքի նոր թվային համակարգի (Entry/Exit System, EES) ներդրումը, հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը։
EES համակարգը վերաբերում է բոլոր երրորդ երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ Ուկրաինայի, որոնք հատում են Շենգենյան գոտու արտաքին սահմանները կարճաժամկետ կեցության նպատակով (մինչև 90 օր՝ 180-օրյա ժամանակահատվածում)։
EES-ը ավտոմատացված կենտրոնացված տվյալների բազա է, որը նախատեսված է սահմանահատումների էլեկտրոնային վերահսկման համար՝ առանց անձնագրում դրոշմակնիք դնելու։
Շենգենյան գոտի առաջին մուտքի ժամանակ, համակարգի գործարկումից հետո, անձը կանցնի ընդլայնված գրանցում, որը կներառի կենսաչափական տվյալների հավաքագրում՝ դեմքի պատկերի և չորս մատնահետքերի տեսքով։
Հետագա սահմանահատումների դեպքում գործընթացը կլինի ավելի պարզեցված և արագացված, քանի որ կենսաչափական տվյալները կհամեմատվեն արդեն առկա թվային տեղեկատվության հետ։
Համակարգը ավտոմատ կերպով կարձանագրի մուտքի/ելքի ամսաթիվը, ժամը և վայրը։
Սպասվում է, որ ԵՄ անդամ երկրների սահմանային մարմինները համակարգը աստիճանաբար կգործարկեն վեցամսյա անցումային շրջանի ընթացքում։
Նոր համակարգի ներդրման նպատակն է՝ արագացնել սահմանային վերահսկողությունը, բարձրացնել անվտանգության մակարդակը, ճշգրիտ հաշվարկել ԵՄ երկրներում քաղաքացիների կեցության ժամկետները, կանխել անօրինական միգրացիան և այլն։
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները 572 ձայնով «կողմ» են քվեարկել Entry/Exit System-ի աստիճանաբար ներդրման օգտին։




















