Կարգալույծ եղած քահանաները ցանկացել են բախումներ սադրել Թալինի եկեղեցում . Տեր Վրթանես
- Lilit

- 4 hours ago
- 1 min read

Արթիկի թեմում վերջին շրջանում այս դժվարությունների հետ կապված, ամեն օր պատարագ է մատուցվում, որտեղ բացի այդ եկեղեցում պատարագ մատուցող հոգևորականից, մասնակցում են նաև այլ հոգևորականներ, որոնք ազատ են այդ օրը։ Այս մասին զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր՝ դեկտեմբերի 16–ին, պատարագ է մատուցվելու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
«Ինձ համար սա ուխտի պատարագ է, որ ես Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ուխտի եմ եկել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Տեր Հայկի մատուցած պատարագին եմ մասնակցելու։ Ես տեսա, որ ուխտաբար այստեղ են նաև Տեր Սարգիսը, Տեր Մաղաքիան և Տեր Նարեկը։ Պատարագի ընթացքում աղոթում ենք մեր ողջ ազգի համար, երկրի խաղաղության համար, եկեղեցու անշարժության համար, նաև հիշատակում ենք կալանավայրում գտնվող մեր սրբազան հայրերին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին։ Նաև աղոթում ենք Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար, երկրի խաղաղության համար, Արցախի ու սրբավայրերի պահպանության համար, արցախցիների իրենց պատմական հայրենիքը վերադարձի համար։ Աղոթում ենք, որ Աստված առավել սեր ու միաբանություն պարգևի մեր ազգին»,–ասաց նա։
Անդրադառնալով տեղեկություններին, որ կարգալույծ արված քահանա Տեր Թադեն փորձել է ինչ-որ ձև խոչընդոտել պատարագի կազմակերպմանը, տեր Վրթանեսն ասաց. «Կարգալույծ արված քահանաների, և Ստեփան Ասատրյանի, և Արամայիս Թոխմազյանի համար և նաև հակաեկեղեցական այս արշավին մասնակից ուժայինների համար, ցանկալի է նման բախումներ ստեղծել, որպեսզի հոգևոր դաշտից իրավիճակը տեղափոխվի աշխարհիկ ուժայինների դաշտ։ Հավանաբար իրենց համար դա ցանկալի սցենար է, իրենք տարբեր կերպ սադրում են։ Օրինակ, Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքը չի լքում, թեև իրավունք չունի այնտեղ լինելու, իրավունք չունի պատարագ մատուցել, պսակներ, մկրտություն անել։ Սա արվում է աշխարհիկ իշխանությունների հովանավորչությամբ։
Ցավոք տեսնում ենք պետական պաշտոնյաների հովանավորչությամբ, նաև ուժային կառույցների աջակցությամբ ինքնաիրավչություն է կատարվում, բայց փառք Աստծո ժողովուրդը տեսնում է այս ամենը և չի աջակցում նմանատիպ երևույթներին»։




















