top of page

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ-ի լռությունը հավասար է հանցակցության. Աստղիկ Մաթևոսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 19
  • 1 min read

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որևէ մեկը չի այցելել հացադուլ անող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին: Մենք այսօր բողոքի սիմվոլիկ միջոցառում ենք իրականացնում: Այստեղ ենք բերել հացադուլի 11 օրերը խորհրդանշող ուտելիք: Այս մասին ՄԻՊ գրասենյակի առջև, բողոքի ակցիայի ժամանակ  ասել է «Անտիֆեյք»-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը: 

«Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է, և մենք ՄԻՊ գրասենյակի առջև ենք խորհրդանշական ակցիայով՝ ցույց տալու, որ 11 օր շարունակ ՄԻՊ-ը որևէ քայլ չի ձեռնարկել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ, հրապարակային որևէ  հայտարարություն չի եղել, արտահերթ զեկույց չի հրապարակվել, որևէ մեկը ՄԻՊ գրասենյակից առայսօր նրան չի այցելել»,-նշել է Մաթևոսյանը: 

Նա հավելել է, որ իրենք չեն պահանջում որևէ քայլ անել, ուղղակի եկել են արձանագրելու՝ ՄԻՊ-ը 11 օր շարունակ լուռ է Հայաստանում աղաղակող ապօրինության նկատմամբ:

«Նարեկ Սամոնյանն ունի առողջական լուրջ խնդիր, բժիշկը ցուցել է նրան անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել, և հաշվի առնելով թե՛ հացադուլի հանգամանքը, թե՛ նրա առողջական խնդիրը, մենք ահազանգում ենք՝ Սամսոնյանի առողջությունը վտանգված է: 

Մենք այստեղ ենք արձանագրելու, որ ՀՀ-ում ՄԻՊ-ի լռությունը հավասար է հանցակցության: Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Նարեկ Սամսոնյանի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգի հետևանքները կրում են ինչպես ՀՀ իշխանությունները, դատական համակարգը, այնպես էլ բոլոր այն իրավասու պաշտոնյաները, որոնք պետք է արձանագրեին, խոսեին, բարձրաձայնեին հարցի մասին, բայց մինչ օրս լռում են»,-հավելել է նա: 

Հիշեցնենք, որ երեկ 10 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Արձանագրվել էր սրտի հետ կապված խնդիր և նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին «Էջմիածին» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ, ըստ հետազոտությունների, Սամսոնյանի սրտի վիճակը կարգավորվել է, և նրան հետ են տարել բանտ:

1/3146
bottom of page