Դիտավորություն, թե՞ «անորոշություն». դատախազությունը հրաժարվում է կատարել դատարանների որոշումների պահանջը
- Lilit

- Oct 14
- 4 min read

Արդեն տևական ժամանակ է իրավաբաններից տեղեկություններ են ստացվում, որ դատախազության և քննչական մարմինների կողմից չեն կատարվում ՀՀ դատարանների օրինական ուժի մեջ մտած և վարույթի հանրային մասնակիցներին որոշակի գործողություններ կատարելուն՝ վարույթային ակտեր կայացնելուն պարտավորեցնող որոշումների պահանջները: Վերջին ամենաթարմ օրինակն առնչվում է փողերի լվացման մեջ մեղադրվող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ, գործարար, բարերար Գաբրիել Ջենբերջյանի վերաբերյալ քրեական վարույթին: Բանն այն է, որ արդեն երկու ամսից ավելի է Ջենբերջյանի վերաբերյալ քրեական վարույթը քննող քննիչը և վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը չեն կատարում Ջենբերջյանի վերաբերյալ կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և չեն վերացնում ելքի արգելք խափանման միջոց կիրառելու մասին որոշումը: Խոսքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվակականի օգոստոսի 6-ին կայացրած որոշման մասին է, որով դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել էր Գաբրիել Ջենբերջյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցրել վարույթի հանրային մասնակիցներին կայացնել համապատասխան վարույթային ակտ՝ վերացնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածը քրեորեն պատժելի արարք է համարում դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը: Հիշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում չկատարելը տուգանք կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում է սահմանում: Նույն արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ քննիչի ոչ իրավաչափ որոշումները վերացնելու իրավասությունը վերապահված է հսկող կամ վերադաս դատախազին:
Հաշվի առնելով դատարանների որոշումները չկատարելու վերաբերյալ վերջին շրջանում ձևավորված պրակտիկան, NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ի՞նչ իրավական հիմնավորմամբ չի կատարվել Ջենբերջյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը: Արդյոք գլխավոր դատախազի կողմից ներկայացվե՞լ է հաղորդում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով, եթե այո՝ ե՞րբ, ինչպես նաև՝ ի՞նչ ընթացք է տրվել հիշյալ դեպքի կապակցությամբ Ջեմբերջյանի՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը:
Ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 06․08․2025թ. որոշման դեմ Դատախազության կողմից ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոք: Դատախազությունից վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի 21 ․12․2024թ․ թիվ ԵԴ/1145/11/20 որոշմամբ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը, որը մեջբերում ենք բառացի. «< (․․․որ մինչդատական վարույթը եզրափակող խնդրո առարկա դատավարական ակտի դեմ բերված բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտի անհապաղ կատարումը' օրենքով սահմանված ժամկետում բողոքարկված լինելու պարագայում, կարող է հանգեցնել իրավական անորոշության: (…) Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում նաև բողոքաբերի այն փաստարկին, որ դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ այդ դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշված բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ բողոքարկման դեպքում' վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո:» ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշման հիմնավորմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 06․08․2025թ․ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն կատարվել»:
Նկատենք, որ գլխավոր դատախազության պատասխան գրության մեջ վկայակոչված Վճռաբեկ դատարանի որոշմամբ հստակ շարադրված է, որ տվյալ իրավական դիրքորոշումը վերաբերում է մինչդատական վարույթը եզրափակող խնդրո առարկա դատավարական ակտի դեմ բերված բողոքին, մինչդեռ խափանման միջոց կիրառելու մասին քննիչի որոշումը չի հանդիսանում վարույթը եզրափակող դատավարական ակտ: Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով հստակ ամրագրված է, որ եզրափակիչ դատավարական ակտը տվյալ վարույթի ընթացքն ավարտող դատավարական ակտն է՝ ներառյալ եզրափակիչ դատական ակտը, որոնց շարքին չի դասվում անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին քննիչի որոշումը: Իսկ Գաբրիել Ջենբերջյանի դեպքում գործ ունենք բացառապես նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ ելքի արգելք կիրառելու մասին դատավարական ակտի՝ քննիչի որոշման իրավաչափության վերաբերյալ դատարանի կայացրած որոշման հետ:
Ինչ վերաբերվում է դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու կարգին, ապա քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածը հստակ սահմանում է թե՛ առաջին ատյանի դատարանի` եզրափակիչ դատական ակտի, թե դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացրած եզրափակիչ դատական ակտի, թե՛ վերաքննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի և թե՛ Վճռաբեկ դատարանի դատական ակտերն oրինական ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները:
Մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի` եզրափակիչ դատական ակտն oրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ 2-րդ մասով հստակ սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի՝ դատական երաշխիքների վարույթի շրջանակներում կայացրած եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը։ Այսպիսով ստացվում է, որ այս դեպքում դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
NEWS.am-ի հետ զրույցում Ջեմբերջյանի պաշտպան Աշոտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ բողոքարկելով դատական ակտը, արհեստականորեն փորձում են ձգձգել դատարանի որոշման կատարումը:
Իսկ ինչ վերաբերվում է հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար համապատասխան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելուն, դատախազությունից մեզ հայտնեցին, որ հիշյալ փաստի առնչությամբ հանցագործության մասին Ջենբերջյանի հաղորդման հիման վրա կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն: Այսպիսով ստացվում է, որ դատախազությունը՝ հղում կատարելով Վճռաբեկ դատարանի՝ խնդրո առարկայի հետ առնչություն չունեցող իրավական դիրքորոշմանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իմպերատիվ նորմերը, հայտնվել է «իրավական անորոշության» մեջ: Ստացվում է, որ գործող օրենսդրության պահանջները կատարելու և դատական ակտի չկատարման համար կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելու փոխարեն, դատախազությունը կանաչ լույս է վառում քննչական մարմնի համար, ըստ էության ազդակ հղելով, որ թքած ունի դատական համակարգի և դատական իշխանության կողմից կայացրած որոշումների վրա:
Միամտություն կլինի կարծելը, թե Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցում տեղյակ չեն, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ իրավական պետության համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը, ընդ որում խոսքը ոչ միայն իրավական, այլև քաղաքական, տնտեսական և սոցիալական ռիսկերի մասին է:
Նման պրակտիկան կարող է խարխլել իրավական պետության հիմքերը, խախտել իշխանությունների տարանջատման սկզբունքները, Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքը, հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով պետության միջազգային պատասխանատվության, տույժերի և փոխհատուցումների, վստահության կորստի և ներդրումային միջավայրի վատթարացման, խոչընդոտել բիզնեսի, սեփականության պաշտպանության և պայմանագրային հարաբերությունների կայունությանը, ինչպես նաև առաջացնել քաղաքական ռիսկեր՝ իշխանությունների նկատմամբ վստահության կորստի, կառավարական միջազգային հեղինակության անկման, պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության անվստահության և այլն:
Վերջին շրջանում Հանրապետությունում հաստատված և չհանդարտվող քրեածին իրավիճակի ֆոնին, երբ գլխավոր դատախազը շտապեց Մերձավանում կատարված ոճրագործության կանխման և նախականխման պատասխանատվությունն իր վրայից գցել և սլաքներն ուղղել դատարանների վրա, ամենևին էլ անսպասելի չէր դատական ակտերը չկատարելու եղանակով դատական համակարգին հեղինակազրելու փորձերը: Այս գործելոճը շարունակելու դեպքում, չենք զարմանա, որ մի օր էլ «ուշացած արդարադատության» համար մեղավորներ փնտրելու նպատակով Աննա Վարդապետյանը ստիպված լինի իր համախոհ դատախազների հետ շրջափակել դատարանները, այդ թվում՝ իրավական «անորոշ» դիրքորոշումներ հայտնող Վճռաբեկ դատարանի շենքը:




















