COVID-19-ի դեմ պատվաստանյութի տեխնոլոգիան կսահմանափակի օձի թույնի վնասը. հետազոտություն
- Lilit

- Dec 1
- 2 min read

«Trends in Biotechnology»-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերում օգտագործվող տեխնոլոգիան կարող է օգնել կանխել օձի խայթոցներից առաջացած մկանների վնասումը: Ռեդինգի համալսարանի եւ Դանիայի տեխնիկական համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք mRNA տեխնոլոգիան կարող է օգտագործվել Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում ապրող բոժոժավոր օձի թույնից պաշտպանվելու համար: Դրա թույնը ոչնչացնում է մկանային հյուսվածքը՝ հաճախ զոհերին հաշմանդամ թողնելով անգամ բուժումից հետո:
Հետազոտական խումբը հատուկ mRNA մոլեկուլներ է փաթաթել փոքրիկ ճարպային մասնիկների մեջ, որոնք մկան ներարկելիս բջիջներին սովորեցնում են արտադրել պաշտպանիչ հակամարմիններ, դրանք կանխում են թույնի վնասը, հաղորդել է «Научная Россия»-ն: Այդ բուժումը կարող է զգալիորեն նվազեցնել օձի խայթոցներից առաջացած վնասվածքների եւ բարդությունների ռիսկը, որոնք ամեն տարի ամբողջ աշխարհում սպանում են մոտ 140 հազար մարդու եւ հաշմանդամ դարձնում 400 հազարին:
Ռեդինգի համալսարանի հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Սակտի Վայապուրին նշել է. «Մենք առաջին անգամ ցույց տվեցինք, որ mRNA տեխնոլոգիան կարող է պաշտպանել մկանային հյուսվածքը օձի թույնից: Սա բացում է միանգամայն նոր հնարավորություններ օձի խայթոցների, մասնավորապես՝ տեղային վնասվածքների բուժման համար, որոնք դժվար է կանխել ներկա հակաթույներով»:
Դանիայի տեխնիկական համալսարանի հետազոտության ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Անդրեաս Լաուստսենը, պարզաբանել է. «Մենք այս մեթոդը փորձարկեցինք օձի թույնի վրա, բայց տեխնոլոգիան կարող է ավելի օգտակար լինել այն պայմաններում, երբ տոքսիններն աստիճանաբար են վնասում: Օրինակ, այն կարող է օգնել կանխել վարակների ժամանակ մանրէների արտադրած տոքսինների առաջացումը»:
Ժամանակակից հակաթույներն արդյունավետ են արյան մեջ տոքսինների ներթափանցումը կանխելու համար, բայց դժվարությամբ են ներթափանցում վնասված մկանային հյուսվածք խայթոցի տեղում: Մարդու մկանային բջիջների լաբորատոր փորձարկումներում նոր բուժումը նվազեցրել է ինչպես առանձին տոքսինի, այնպես էլ թույնի ընդհանուր վնասը: Պաշտպանիչ հակամարմինները հայտնվել են mRNA ներարկումից հետո 12-24 ժամվա ընթացքում: Մկների մոտ mRNA մեկ ներարկումը պաշտպանել է մկանային հյուսվածքը տոքսինից, երբ այն կիրառվել է թույնի ազդեցությունից 48 ժամ առաջ:
Բուժումը նվազեցրել է մկանների վնասման հիմնական նշանների ծանրությունը: Մկները, որոնք ստացել են mRNA պատրաստուկը տոքսինի ազդեցությունից առաջ, ունեցել են ֆերմենտների, ինչպիսին են կրեատինկինազան եւ լակտատդեհիդրոգենազը, ցածր մակարդակներ, որոնք արտազատվում են մկանների վնասման ժամանակ: Բուժումը նաեւ պահպանել է առողջ մկանային կառուցվածքը:
Գիտնականները հավաստիացրել են, որ իրենց մոտեցումը կարող է օգտագործվել ավանդական հակաթույների հետ մեկտեղ: Ստանդարտ բուժումները թիրախավորում են արյան մեջ առկա տոքսինները, մինչդեռ mRNA-ի միջոցով մատակարարվող հակամարմինները կարող են պաշտպանել այն տեղային հյուսվածքները, որոնց հակաթույները չեն կարող հասնել, եւ չեզոքացնել արյան մեջ առկա տոքսինները։
Հետազոտական խումբը նշել է, որ նոր բուժումը կարող է օգնել պացիենտներին մի քանի խնդիրներ հաղթահարել: Հակամարմինների զարգացման համար մի քանի ժամ է պահանջվում, եւ բուժումը ներկայում թիրախավորում է միայն մեկ տոքսին: Դեղամիջոցի ապագա տարբերակները պետք է նախագծված լինեն թույնի բազմաթիվ բաղադրիչներից պաշտպանվելու համար: Առանձին շրջաններում առանց սառեցման պահպանումը նույնպես ուղեկցվում է դժվարություններով։
Պրոֆեսոր Վայապուրին եզրակացրել է. «Մենք այժմ պետք է ընդլայնենք այս մոտեցումը՝ թույնի մեջ առկա բազմաթիվ տոքսինները թիրախավորելու համար, եւ լուծենք գյուղական վայրերում պահպանման խնդիրը, ապահովենք հյուսվածքներում հակամարմինների ավելի արագ արտադրությունը: Օձի խայթոցների զոհերի շրջանում հաշմանդամությունը նվազեցնելու ներուժը զգալի է»:
Թիմը նախատեսում է մշակել բուժման մեթոդներ՝ ուղղված լրացուցիչ տոքսինների դեմ պայքարին, եւ ստուգել, թե արդյոք այս մոտեցումն արդյունավետ կլինի խայթոցից հետո կիրառման համար։




















