«Աստծուն խնդրում ենք, որ մի դուռ բացվի ու ցույց ենք տալիս, որ միասնական ենք». Արագածոտնի թեմի քահանաների նախաձեռնությամբ՝ Երևանում այսօր ուխտի պատարագ կմատուցվի
- Lilit

- Dec 9
- 1 min read

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Արագածոտնի թեմի քահանաների նախաձեռնությամբ՝ այսօր՝ ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի սուրբ և անմահ պատարագ:
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն զրույցում ասաց, որ թեմի բոլոր քահանաներն այսօր լինելու են Մայր եկեղեցում։
«Մեր ամենամեծ ապավենն Աստված է, ցավոք սրտի, դժվար օրերին ենք մենք ավելի շատ Աստծուն հիշում, մենք միշտ ենք Աստծուն հիշել, բայց նամանավանդ դժվար օրերին մեզ կարող է օգնել Աստված և դրա համար ուխտի պատարագ ենք անում»,- ասաց Տեր Հայրը։
Նման պատարագները եկեղեցում նորություն չեն, միշտ էլ արվել են ուխտի պատարագներ, տարբեր համայնքներից ուրիշ համայնքներ են գնացել ու պատարագներ արել, իրենց խնդրանքն են Աստծո առաջ ներկայացրել։
«Պատարագի ամենավերջում աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Բաքվում ու Հայաստանում անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների ու եղբայրների համար»,- նշեց Տեր Փառենը։
Տեր Հոր խոսքով՝ այս պատարագով Աստծուն խնդրում են, որ մի դուռ բացվի։
«Սա նաև միասնականության կոչ է, մենք ցույց ենք տալիս, որ միասնական ենք»,- ընդգծեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։
Պատարագը մատուցելու է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։
Տեր Փառենից հետաքրքրվեցինք՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը եկեղեցու դեմ պայքարում միացել է Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելո՞ւ է պատարագին՝ Տեր Հայրն ասաց, թե նրա մասնակցության վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, բայց, բնականաբար, տեղյակ պահվել է պատարագի մասին։




















