ՀԱՊԿ-ի ուղերձը՝ Հայաստանին
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից, և կազմակերպության դռները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության վերականգնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա կազմակերպության աշխատանքներին լիարժեք ձևաչափով։ Տասմագամբետովը նշել է, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու նախադրյալները՝ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության միասնական տարածքի ձևավորմամբ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ կազմակերպությունից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Նա այդ հայտարարությունը դիտարկել է որպես կարևոր ազդակ ՀԱՊԿ-ի շրջանակում հետագա համագործակցության հնարավորության պահպանման համար։
Միաժամանակ Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանը ներկայումս դադար է տվել կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը, ինչը արտացոլում է երկրի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Նրա խոսքով՝ սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա որևէ արտաքին ուժ կամ կազմակերպություն ազդեցություն չի կարող ունենալ։




















