Ադրբեջանի ու Թուրքայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա, ՌԴ-ի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա. Սամվել Կարապետյան
- Lilit

- 3 hours ago
- 2 min read

Ողջունում եմ շարժման տարեկան հաշվետու ժողովը: Ձեզ հետ միասին հպարտանում եմ այսքան կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը չորս ամսում, կատարված ահռելի ու կարևոր աշխատանքով: Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձում, որը հղել է շարժման հաշվետու ժողովին: Այն ընթերցել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Մեր երկրում չկա այլևս բնակավայր, քաղաք ու գյուղ, որտեղ չիմանան մեր շարժման ու դրա բարի նպատակների մասին, չկա մի մարդ, ով տեղյակ չէ մեր առաքելությանը: Այսօր արդեն դժվար է գտնել որևէ քաղաքական վերլուծաբանի, ով կքննարկի Հայաստանի մոտ ապագայի հասարակական ու քաղաքական գործընթացները՝ չնշելով «Մեր ձևով» շարժման, մեր թիմի ու մեր համախոհների վճռական ազդեցությունը:
Մեր գործունեությունը նաև Հայաստանն ուսումնասիրող, լուսաբանող օտարերկյա մամուլի ու վերլուծական կենտրոնների ուշադրության առանցքում է: Մեր երկրում դժվար է գտնել այլևս մի սթափ դատողի, ով որոշակի հույսեր է կապում ՀՀ-ի լավ ապագայի հետ ու այդ կապակցությամբ չի հիշատակում մեր շարժումը: Սա շատ տպավորիչ արդյունք է, որի հեղինակը դուք եք և մեր համախոհները: Ի սրտե շնորհակալ եմ ձեզ:
Հարգելի՛ գործընկերներ, մենք ձևավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և նոր առաջնորդություն: Պատճառը պարզ է՝ մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք և կարող ենք իրականություն դարձնել: Մենք ձևավորում ենք ուժեղ թիմ և այդ թիմը բաղկացած է լինելու պրոֆեսիոնալներից, Հայաստանի նվիրյալներից, արդար ու մեծ նպատակների շուրջ ազնվորեն ու անշահախնդիր համախմբվողներից: Բազմիցս ասել եմ, որ մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է: Մարդիկ հույսեր են կապում մեր գործունեության հետ, հույսեր, որ կապված են իրենց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ: Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց:
Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն:
Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքայի հետ կռացած բարեկամություն անելով, իրական խաղաղություն չենք ունենա: Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա: Իրանի ու Վրաստանի կենսական շահերն անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա:
Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է՝ ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծել: Հետևաբար մենք այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին: Արդարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարությունը մեր երկրում, ապացուցելով, որ դա միանշանական հնարավոր է: Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային, ուժային «беспредел»-ը: Մեր հայրենակիցների ուզածը դա է, դա ասում եմ միանշանակ, ասում եմ որպես մարդ, ով լավ է ճանաչում մեր ժողովրդին:
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, մեր պայքարը բարդ է ու լցված բազմաթիվ զրկանքներով, բայց ինչպե՞ս կարող է հալածանքը կանգնացնել մեզ, եթե մեր նպատակը ՀՀ-ի, մեր տարեցների, մեր ժողովրդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցիկ և ապահով ապագան է»:
Ուրեմն՝ առանց որևէ դադարի, վստահ քայլերով շարժվում ենք դեպի նոր, 2026 թվական, որը պետք է հայ ժողովորդի վերածննդի սկիզբը դառնա: Հաղթելու ենք՝ մեր ձևով և կառուցելու ենք ուժեղ Հայաստան»,-նշված է Սամվել Կարապետյանի ուղերձում:




















