top of page

Հայաստանի տնտեսությունն ունի կարճաժամկետ խնդիրները պարտքով լուծելու անհաջող մոդել․ Տնտեսագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 22
  • 2 min read

2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ դինամիկա է գրանցվել այս իշխանությունների ժամանակ, պետք է նշել, որ 2018-ի ապրիլին ՀՀ պետական պարտքը կազմել է 6,8 միլիարդ դոլար»,- զրույցում ասել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

«Անցել է 8 տարի, և պարտքն ավելացել է շուրջ 7,7 միլիարդ դոլարով, ասել է թե՝ տարին 1  միլիարդ դոլար բեռ են ավելացրել։ 2024-ի համեմատ, 2025-ին պարտքն աճել է 13 տոկոսով։ Ռիսկեր իհարկե կան, որոնք որևէ կերպ չեն փարատվում։ Հիմնական ռիսկն այն է, որ վարկերի սպասարկումը զգալիորեն ճնշում է գործադրում բյուջեի վրա, թանկ է, ավելի էժան վարկեր կարելի էր ներգրավել։ Արտարժույթով վարկերն ունեն նաև արտարժույթի փոխարժեքի տատանման ռիսկ, ունեն բացասական ազդեցություն տնտեսության վրա, և ռիսկ կա Հայաստանի վարկային վարկանիշի անկման համար»,-նշել է տնտեսագետը։

Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ պարտքի աճի հիմնական պատճառը բյուջեի պակասուրդը ծածկելն է։

«Տնտեսական աճը չի կարողանում փոխհատուցել ծախսերի տեմպը, ինչը տնտեսական աճի և բյուջեի եկամուտների անհամաչափ պատկերն է, կառավարման համար անհրաժեշտ կարողությունների բացակայությունն է։ Այս մարդիկ պետությունը պարտքով են պահում։ Տեղապտույտի է նմանվել․ վարկերը սպասարկելու խնդիրը լուծում են դրանց վերաֆինանսավորմամբ, կարճ ասած՝ թանկ վարկ են վերցնում, որ վարկ փակեն։ Մինչդեռ երկար վարկերը պետք է ներդրվեին կապիտալ ծախսերի մեջ, ՀՀ-ին պետք է աճի բևեռներ՝ այս վիճակից դուրս գալու համար»,-ընգծել է տնտեսագետը։  

Հարցին՝ ի՞նչ  ռազմավարություն պետք է ունենա պետությունը՝ տնտեսության վիճակը բարելավելու համար, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․

«Պետությունը իր տնտեսական քաղաքականությունը պետք է չափելի դարձնի։ Պարտքը պետք է ուղղել բացառապես արդյունաբերական աճի ավելացմանը, արտահանելի ոլորտների զարգացմանը՝ ՏՏ, ագրոարդյունաբերություն, մարդկային կապիտալի զարգացմանն ու կենտրոնացմանը, արտագաղթի նվազեցմանը։ Պետությունը պետք է իրականում տանել հարկային եկամուտների աճի, կանխատեսելի և կայուն հարկաբյուջետային քաղաքականության ճանապարհով։ Փողը պետք է դրվի կրթության և աշխատաշուկայի ուղիղ կապի վրա։ Պետությունը պետք է ավելի արժեք ստեղծի, որ արտահանելու բան ունենա։ Հիմա ունենք կարճաժամկետ խնդիրները պարտքով լուծելու անհաջող մոդել, որը տանում է դեպի անդառնալիության կետ։ Ինչ վերաբերում է կայուն տնտեսական զարգացում ունենալուն, ապա կա  հստակ բանաձև․ զարգացած են այն պետությունները, որոնք բարեկեցիկ են և անվտանգ։ Կայուն տնտեսական զարգացում կարող է լինել, բայց դրա համար պետք է կատարել փոփոխություններ։ Հայաստանը պետք է ունենա արհեստավարժ պաշտոնյաներ՝ երկարաժամկետ ծրագրերով, չափելիությամբ և պատասխանատվությամբ, հստակ քաղաքակություն, ոչ թե լոզունգ։ Սա ունենալու համար անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ։ Անցած տարիներն ապացուցել են, որ գործող իշխանությունները ունակ չեն, հետևաբար, միակ ռեալ շանսը իշխանափոխությունն է»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  ՀՀ տնտեսության և պետական պարտքի տեսանկյունից կա երկու հիմնական մարտահրավեր․ առաջինը պարտքի սպասարկման բեռի և տնտեսական աճի անհամաչափ լինելն է, երկրորոդը՝ գործող իշխանությունները, քանի որ հաջորդ իշխանությունները ստիպված կլինեն սկսել զրոյից։

1/3147
bottom of page