Բաքուն հերքում է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների գործերին միջամտելու մեղադրանքները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլոբալ համաժողովում նախօրեին ունեցած ելույթի ընթացքում Ադրբեջանին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու հերթական փորձը։
Վերոնշյալի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ ընդգծում է, որ Բարոյի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները վկայում են այն մասին, որ ֆրանսիական կողմը դեռևս չի կարողանում հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերություններում առճակատման հռետորաբանությունից։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անհիմն է համարել Նոր Կալեդոնիայի և Ֆրանսիայի այլ անդրծովյան տարածքների ժողովուրդների՝ իրենց իրավունքների համար պայքարին Ադրբեջանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները։ Նրա խոսքով՝ այդ տարածքներում տեղի ունեցող գործընթացները արտաքին միջամտության հետ կապելու փորձերը նպատակ ունեն երկրորդ պլան մղելու տեղի բնակչության կամքն ու մտահոգությունները։
Հաջիզադեն նաև հայտարարել է, որ Ֆրանսիայի պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների հետևողական կիրառմանը սեփական երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Նա ֆրանսիական կողմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելը և պահպանել փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները:




















