top of page

Առանց Պուտինի աջակցության նման որոշում չի կարող լինել. Փորձագետը՝ Փաշինյանին Մոսկվայում չընդունելու Զյուգանովի հայտարարության մասին

  • 2h
  • 2 min read

Մայիսի սկզբին ՀՀ-ում տեղի ունեցած միջոցառումներից հետո կանխատեսելի էր, որ ՌԴ-ի կողմից մի քանի մակարդակով անդրադարձ կլինի թե՛ միջոցառումներին, թե՛ տրամաբանությանը, թե՛ դրանց ընթացքում հնչած տարբեր հայտարարություններին, այնպես որ ռուսական կողմի արձագանքը, բնականաբար, կանխատեսելի էր զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նշենք, որ օրերս ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը հայտարարել էր. «Ես պնդելու եմ, որ Փաշինյանին, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկելու նրա օգտին, այլևս երբեք չընդունեն մեր մայրաքաղաքում»։ 

Պետրոսյանն  արձագանքների մի քանի   շերտ է առանձնացնում՝ ՌԴ  նախագահի, ԱԳՆ-ի, բազմաթիվ փորձագետների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից. «Արձագանքները շատ էին, որոնք մի քանի նպատակ էին հետապնդում։ Առաջինը, բնականաբար, պատասխանում էին Երևանում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում հնչած հակառուսական հայտարարություններին։ Երկրորդ արձագանքը, բնականաբար ուղղված էր ՀՀ-ին՝ որպես ՌԴ-ի դաշնակից երկիր։ Երրորդ արձագանքը պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակով։ Եվ բնականաբար ՌԴ-ն փորձում է նման հռետորաբանության կիրառմամբ որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա՝ դրանք ՌԴ շահերին համահունչ ուղորդելու նպատակով»։

Ըստ փորձագետի կանխատեսումների՝ այս փուլում այդ արձագանքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, բացի ուղիղ փորձը՝ ազդելու ընտրական գործընթացների վրա. «Իսկ ինչ վերաբերում է շատ ավելի շոշափելի հնարավոր հետևանքների, դրանց մասին այս պահին դժվար է խոսելը, քանի որ իրականում զարգացումների հետագա ընթացքը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով։ Միայն ՀՀ-ում իշխանության ձևավորման ավարտից հետո նոր կկարողանանք հստակ հասկանալ, թե ինչպիսի  ընթացք կարող են ունենալ այս գործընթացները։ Եվ դրանից հետո նոր միայն ՌԴ-ն կարող է առարկայորեն խնդիրը բերել օրակարգ՝ իր քաղաքականությունը պլանավորելու առումով»։

Իսկ ինչ վերաբերում է Զուգանովի հայտարարությանը, Պետրոսյանը նշեց, որ դրա համար պետք է քաղաքական որոշում, իսկ Զուգանովի կուսակցությունը Պետդումայում փոքրամասնություն է. «Առանց քաղաքական մեծամասնության դիրքորոշման, այսինքն առանց Վլադիմիր Պուտինի և նրան հարող քաղաքական ուժերի աջակցության նման հարց չի կարող լինել։ Հիմա այդ մասին չենք կարող ասել։ Պետք է հասկանալ, թե ՀՀ-ում ինչ իշխանություն կլինի, նոր դրանից հետո հարաբերությունների ընթացքը ավելի առարկայական կլինի»։

Փորձագետը շեշտեց, որ նույնն էլ ԵԱՏՄ-ի մասով է. «Ամեն դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալն էլ որոշակի ընթացակարգ է ենթադրում և այնպես չէ դա անձերի որոշմամաբ է պայմանավորված։ Այս պահին մենք գործ ունենք շատ կարճաժամկետ հատվածում ավելի քարոզչական բնույթի զարգացումների հետ։ Այսինքն՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունները նպատակ են հետապնդում ՀՀ-ի ներքաղաքական պրոցեսների վրա ազդելու, բնականաբար ՀՀ-ից  հնչող պատասխաններն էլ նույն տրամաբանության մեջ են»։

1/3365
bottom of page