Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞
- Nov 20, 2022
- 1 min read

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ սակագների վերանայման գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր տարի։
«Նպատակն է գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները։ Այս տարի բոլոր գործողնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանեինք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։ Եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով հաջորդ տարի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված խնդիրներ կունենայինք։ Հետևաբար ստիպված պետք է սակագների բարձրացման գնանք։ Միջին կշռված սակագինը 4.7 դրամով է ավելանում։ Բոլոր սպառողների համար այսօր գործող սակագինը շուրջ 41 դրամ է, և սա 4.7 դրամով պետք է ավելանա»,-ասաց Աշոտ Ուլիխանյանը։
Վերջինս նշեց, որ այս հարցը կքննարկվի ՀԾԿ հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում և եթե որոշվի, որ սակագինը բարձրանում է, ապա դա փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի։ Աշտո Ուլիխանյանը նաև ասաց, որ սոցիալապես անապահով խավի համար սակագինը չի բարձրանա։




















