top of page

Ամաչում եմ տնից դուրս գալ. չեմ կարողանում աշակերտիս բարևին պատասխանել. ատեստավորումը չանցած մանկավարժը հուզվեց

  • Jan 9, 2024
  • 2 min read

Իրենք մեզ ասում են՝ երկու անգամ ուսուցիչներին սովորելու հնարավորություն են տվել, բայց իրենք չգիտեն, թե արդյոք մենք հնարավորություն ենք ունեցել սովորելու, երբ դպրոցը կարող էր մեզ ուղեգիր տար և մենք գնայինք կես գնով սովորեինք: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսուցիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Վայց Ձորի  Աղավնաձոր գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը։

Նա հայտնեց, որ որոշ մարզպետարաններ օգնել են, իրենց ուսուցիչները գնացել սովորել են կես գնով, իսկ իրենք այդ հնարավորությունը չեն ունեցել։

«Բարձրագույն ավարտած ռուսաց լեզվի ուսուցիչը 2 տարի անընդմեջ ստացել է 10-12 բալ, իսկ մենք միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են դուրս, մնացել ենք առանց աշխատանքի, բայց բարձրագույն կրթությամբ՝ Բրյուսով ավարտածը 17 բալով աշխատում է, իրենց երրորդ հնարավորությունը տվեցին»,- հայտնեց ուսուցիչը։

Նա պարզաբանեց, որ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին հնարավորություն են տվել երրորդ անգամ ատեստացիա անցնել, իսկ իրենց ոչ:

«Ամաչում եմ տնից դուրս գալ. 34 տարի աշխատել եմ, աշակերտներս ընդունվել են բարձրագույն, երեք երեխա ունեմ, երեքին էլ կրթություն եմ տվել, այսօր ես ամաչում եմ տնից դուրս գալ, որովհետև աշակերտը կարող է  ինձ բարևել, ես չկարողանամ իր բարևին պատասխանել»,- ասաց նա:

Արմավիրի մարզի Քարակերտի համար 1 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհիներից մեկն էլ նշեց, որ պահանջը, որ ուսուցիչը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ընդունվել է 2012-ին, մինչդեռ ինքը դպրոցում է 1989 թվականից. «Երբ ինձ ընդունել են դպրոցում աշխատանքի, ես եղել եմ միջին կրթության մասնագետ, այդ ժամանակ մեզ չեն ասել, որ կգա ժամանակ, այդպիսի հրաման կլինի և այլն։ 2012-ին ընդունվել է այս հրամանը, բնականաբար մենք չենք կարողացել ստանալ բարձրագույն կրթություն՝ հաշվի առնելով ընտանեկան կարգավիճակը, պետությունը մեզ ոչնչով չի օգնել։

Մեր երեխաները զինվոր են եղել, հայրենիք են պաշտպանել, մենք մնացել ենք այս երկրում։ 2018-ին հինգ տարով երկարացրել են ժամկետը, 2023-ին լրացել է, կարող էին երկարացնել ժամկետը՝ հաշվի առնելով մեր ընտանեկան վիճակը, կարող էին 55-ից բարձր ուսուցիչներին թույլ տալ առանց որևէ նախապայմանի շարունակել իրենց աշխատանքը։

Այսօրվա դրությամբ զրոյացրել են մեր ամբողջ աշխատանքը ու մեզ դրել անպատիվ վիճակի մեջ։ Ես գյուղում ապրող ուսուցիչ եմ, այնքան ինձ վատ եմ զգում, որ ասում են՝ անգրագետ է, գնացել է, չի կարողացել անցնել ատեստացիան, գործից ազատել են։ Ես այնքան վիրավորված եմ կառավարությունից, մենք ընտրեցինք, որ մեզ նման հայրենասեր, նվիրված մարդկանց այսպիսի վերաբերմունք ցույց տա՞ն, ինչ անենք, մտածենք, որ գնացողները ավելի ճի՞շտ են եղել»,- արցունքները զսպելով ասաց նա:



1/3479
bottom of page