ԵՄ-ն Հարավային Կովկասում վարում է տարբերակված քաղաքականություն
- Nov 20, 2022
- 2 min read

ԵՄ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությամբ տարբեր է՝ այն ներառում է զանազան գործիքակազմեր և հետապնդում է տարբեր նպատակներ:
Վրաստան-ԵՄ հարաբերություններն ավելի խորն են, քանի որ Վրաստանը տասնամյակներ շարունակ որդեգրել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր՝ Վրաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ Արևմուտքի հետ կապերի խորացումը՝ առաջնահերթություն է: Վրաստանն երկրի օրենսդրությունը համապատասխանեցնում է եվրոպական չափանիշներին՝ զերծ մնալով ռուսական ինտեգրացիոն որևէ հարթակներին՝ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին անդամակցությունից:
Վրաստանն ունի աբխազական և հարավօսական խնդիրներ և ԵՄ-ի դիրքորոշումն այդ հարցում միանշանակ է՝ ԵՄ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու այդ առումով էլ Բրյուսելի և Թբիլիսիի գեոպոլիտիկ շահերը համընկնում են: Վրաստանը նաև ԵՄ-ի համար կարևոր տարանցիկ միջանցք է՝ կասպյան էներգակիրները դեպի եվրոպական շուկա արտահանելու համար: Վրաստանով են անցնում նավթագազամուղեր, այդ թվում վերջերս բացված TANAP գազամուղը, որը կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար: Ապագայում այդ գազամուղին կարող են միանալ նաև Թուրքմենստանն ու Ղազախստանը:
Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում գերակշռում են գեոպոլիտիկ և էներգետիկ շահերը, քանի որ Ադրբեջանը չի հետապնդում ԵՄ-ին անդամակցելու նպատակներ՝ Ադրբեջանում լրջագույն խնդիրներ են առկա մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության հետ ընդհանրապես: ԵՄ-ն Ադրբեջանին ընկալում է, որպես էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր, որն իր էներգակիրները ՌԴ-ն շրջանցելով արտահանում է դեպի Արևմուտք:
Ադրբեջանը սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունի Մեծ Բրիտանիայի, Բրիթիշ Փեթրոլիումի հետ և շատ դեպքերում Արևմուտքում աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների, Ալիևյան կլանի գործունեության վրա՝ նավթագազային գործոնը հաշվի առնելով: Եթե Վրաստանը լոգիստիկ ծառայություններ է մատուցում ԵՄ-ին, ապա Ադրբեջանը էներգակիրների կարևոր բազա է:
Հայաստան-ԵՄ հարաբերությունները տարիներ շարունակ զարգանում են՝ Հայաստանն «Արևելյան գործընկերության» ծրագրի մաս է կազմում: ԵՄ-ն Հայաստանում ստեղծել է հարյուրավոր ՀԿ-ներ, որոնք Հայաստանում եվրոպական արժեքներ են քարոզում կամ իրականացնում են ԵՄ-ի «փափուկ ուժի» դերակատարում: Բրյուսելում հասկանում են, որ Հայաստանը չի անդամակցելու ԵՄ-ին երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմաբազան և Երևանը բազմաթիվ թելերով կապված է Մոսկվայի հետ:
ԵՄ-ն Հայաստանը համարում է ռուսական ազդեցության գոտի և Հայաստանում աշխատում է հիմնականում քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների հետ, ստեղծելով Հայաստանում ազդեցության լծակներ: ԵՄ-ն ֆինանսական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ցանկանում է պահպանել բալանս՝ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքին զուգահեռ ակտիվացնելով կապերը նաև ԵՄ-ի հետ, որտեղ առկա են բազմաթիվ հայ համայնքներ:
Այսպիսով, ԵՄ-ի երկարաժամկետ նպատակները Հարավային Կովկասում տարբեր են՝ Վրաստանի հետ փոխգործակցությունն ավելի սերտ է՝ Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունն ու քայլերը հաշվի առնելով: Ադրբեջանը շարունակելու է ԵՄ-ի համար մնալ նավթագազային հետաքրքրությունների տարածք՝ անկախ այդ երկրում ժողովրդավարության հետ առկա խնդիրներից: Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանալու են՝Հայաստանի համար ձեռնտու է օգտվել եվրոպական ներդրումներից, ֆինանսական աջակցությունից՝ այդ ներդրումները ծառայեցնելով ազգային, պետական շահերին:
Արտյոմ Բալասանով




















