top of page

ԱՄՆ նախագահն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը պատասխանել են Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հայտարարությանը

  • Feb 12, 2024
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրոպական խորհրդի ղեկավարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ պաշտոնյաները քննադատել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մասին։

Հարավային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք չեն կատարում դաշինքի հանդեպ իրենց ֆինանսական պարտավորությունները։

Նա հիշել է մի դեպք, երբ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի նախագահը հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները կպաշտպանի նման երկիրը ռուսական հարձակումից, եթե նա չկատարի իր պարտավորությունները Դաշինքի հանդեպ։ «Ոչ, ես քեզ չեմ պաշտպանի։ Ես նույնիսկ կխրախուսեմ նրանց անել այն, ինչ ուզում են, գրողը տանի», - ասել է Թրամփը շաբաթ օրը՝ փետրվարի 10-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի հայտարարությունն անվանել է «սարսափելի և վտանգավոր»։ Բայդենի վարչակազմի ղեկավարությամբ «Միացյալ Նահանգները ուս ուսի տված է եղել մեր դաշնակիցների հետ՝ կառուցելու ՆԱՏՕ-ի դաշինքը, որն ավելի մեծ է և ուժեղ, քան երբևէ՝ պաշտպանելով ժողովրդավարությունը Վլադիմիր Պուտինի ավտորիտար ագրեսիայից», - կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Ամերիկայի ղեկավարությունը գլոբալ հարթակում և մեր դաշնակիցների աջակցությունը չափազանց կարևոր են Ամերիկայի ժողովրդին այստեղ՝ տանը անվտանգ պահելու համար», - ասել է Բայդենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ «ցանկացած առաջարկ, որ դաշնակիցները միմյանց չեն պաշտպանի, խաթարում է մեր ողջ անվտանգությունը, ներառյալ Միացյալ Նահանգների անվտանգությունը»:

«ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակում կարժանանա միասնական և հզոր պատասխանի», - ասել է Սթոլթենբերգը։

«ՆԱՏՕ-ի անվտանգության և 5-րդ հոդվածի շուրջ համերաշխության մասին չմտածված հայտարարությունները ծառայում են միայն Պուտինի շահերին», - Reuters-ը մեջբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը:

Դոնալդ Թրամփը հավելյալ մեկնաբանություններ չի տվել իր հայտարարությունների վերաբերյալ։

1/3479
bottom of page