top of page

«Չինովնիկի ելույթ, որը զեկուցում էր կատարած աշխատանքի մասին»․ Հակոբ Բադալյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 28
  • 1 min read
ree

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ընդհանրապես, ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, պետության քաղաքական առաջին դեմքի, այլ մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին:

Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ներկայացնում էր իր խոսքը՝ «զեկուցում է » խաղաղության մասին, և հույս ունի հաջորդ տարի «զեկուցել» ավելին:

Սրանք լոկ ոճական հանգամանքներ չէին, այլ հոգեբանական, որ արտացոլում են Նիկոլ Փաշինյանի դրությունն ու իրերի դրության հանդեպ նրա դիրքավորումը:

Մինչդեռ առաջանում է մի պարզ հարց՝ եթե հաստատված է խաղաղություն, ինչպես պնդում է պաշտոնական Երևանը, ի՞նչ կարիք կա ՄԱԿ ամբիոնից մի ամբողջ ելույթ նվիրել հաստատված խաղաղությանը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ նրանք, ում Հարավային Կովկասը հետաքրքրում է էապես, թերևս հենց Փաշինյանից ավելի լավ գիտեն՝ խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ: Ես նկատի ունեմ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց համար Կովկասը ներկայացնում է գործնական հետաքրքրություն:

Ավելին, եթե կա հատատված խաղաղություն, ապա այդ պարագայում առաջանում է հարց՝ իսկ Հայաստանը միջազգային հանրությանը, համաշխարհային քաղաքականությանը ի՞նչ ասելիք ունի այդ նոր իրողությունների պայմաններում, ի՞նչ ուղենիշներ ունի հայկական պետականությունը: Պարզվում է, որ խաղաղության մասին հայտարարություններից զատ՝ ոչ մի այլ ասելիք: Կարևորագույն աշխարհաքաղաքական օրակարգերին առնչվող հարցերը Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտվում էին ընդամենը մեկ-երկու նախադասությամբ:

Իսկ դրա պատճառը թերևս հենց այն է, որ Փաշինյանը գործընթացում իրեն դիրքավորում է հենց իբրև չինովնիկ, այլ կերպ ասած՝ կատարող սուբյեկտ, որը ձեռնպահ է մնում սեփական բովանդակությունից և գերազանցապես կենտրոնանում է գոյություն ունեցող բովանդակությունների միջեւ իր համար հնարավորինս ապահով տեղավորվելու խնդրի վրա»:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող պրոցեսներին մասնակցել հավասար նախաձեռնողականությամբ, ինչպես խոշոր տերությունները: Սակայն, այդուհանդերձ, սուբյեկտությունը կարող է ունենալ ամենատարբեր աստիճաններ: Առանցքայինն այն է, որ այն ունենա հատկանիշ, այսինքն արտահայտված լինի բովանդակությամբ»:

1/2940
bottom of page