Բեն Աֆլեքը կարեկցում է Բրիթնի Սփիրսին
- Lilit
- 1 day ago
- 2 min read
Օսկարակիր դերասան Բեն Աֆլեքը This Past Weekend with Theo Von փոդքաստում անկեղծորեն պատմել է կյանքի դժվարությունների մասին, երբ ուշադրության կենտրոնում ես, եւ կարեկցանք է հայտնել Բրիթնի Սփիրսին։
Դերասանը, որը, ըստ լուրերի, պատրաստ է նոր հարաբերությունների Ջենիֆեր Լոպեսից բաժանվելուց հետո, իր անձնական մտքերն է ներկայացրել հանրահայտ անձանց մասին, որոնք հայտնվել են ճնշման տակ։
«Վաղուց, շատ տարիներ առաջ, ես իսկապես մեծ կարեկցանք եմ ունեցել Բրիթնի Սփիրսի հանդեպ,- պատմել է նա,- ես նրան անձամբ չեմ ճանաչել, մենք չենք շփվել, բայց, ինչպես եւ բոլորը, ես տեսել եմ այդ ամբողջ քաոսը նրա շուրջ։ Բայց սեփական փորձ ունենալով՝ ես հասկանում էի. նրան հետեւում են այն պահին, երբ, գուցե, նրա համար իսկապես ծանր է, թեեւ չեմ կարող ստույգ ասել, որովհետեւ նրան չեմ ճանաչում»։
«Ես գիտեմ, թե ինչպես է, երբ քեզ մշտապես հետապնդում են, բղավում, կառչում, հանգիստդ խանգարում։ Եվ ինձ թվում էր, թե հենց դա էլ լարում էր իրավիճակը՝ ամեն բան խելագարության վերածելով»։
Դերասանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Բրիթնիի աղմկալի պոռթկումը 2008թ., երբ սափրել էր գլուխը գեղեցկության սրահում։ Դրանից հետո շատ չանցած նրան վերցրել են խնամքի տակ, որը տեւել է 13 տարի եւ ավարտվել միայն 2021թ.։
«Առաջին անգամ էր, երբ ես մտածեցի. դա ինչ-որ տարօրինակ, ոչ միտումնավոր, թեեւ մշակութապես պայմանավորված, կոլեկտիվ դաժանություն է,- ասել է Բենը։- Մարդիկ, որոնք մահակ են թափահարում վագրի դիմաց, մնում են կադրի հետեւում, իսկ մենք տեսնում ենք միայն «մռնչացող կենդանուն»։ Բայց չէ՞ որ նա մռնչում է, որովհետեւ նրան ինչ-որ մեկը հրահրում է»։
«Ահա այդ ժամանակ ես հասկացա, դրանք նորություններ չեն։ Դա անգամ իրականությունը չէ։ Դա տեղի չէր ունենա, եթե չլիներ տպավորիչ արտաքին ճնշումը։ Ուստի, ամենալավ բանը, ինչ կարելի է անել, սթափ հայացք պահպանելն է եւ մի փոքր հեռու մնալը»։
Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից մեկ տարի հետո, երբ Բրիթնի Սփիրսը հայտնել է, որ մի ժամանակ համբուրվել է Բենի հետ։