Հակակոռուպցիոն կոմիտեն փաստաբան է կալանավորել․ ինչ է սպասվում վարչական դատարանի դատավորներին
- Lilit

- Sep 1
- 1 min read

Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակներում օգոստոսի 29-ին իրականացված խուզարկությունների դեպքով կալանավորվել է երկու անձ, որոնցից մեկը փաստաբան Արմեն Օհանյանն է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կալանավորել է միջնորդին և ստացողի օժանդակողին։
Դատավորների մասով քննությունը դեռևս շարունակվում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափի կաշառքի վերաբերյալ գործով իրավապահները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։
Իսկ ի՞նչ հետքի վրա են դուրս եկել իրավապահները։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահ եղած ժամանակահատվածում իր մոտ է կանչել դատարանի դատավորներ Մհեր Պետրոսյանին և Լուսինե Բոյաջյանին և խնդրել, որ իրենց վարույթում քննվող գործերից մեկով որոշ քայլեր իրականացնեն։ Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները չեն էլ պատկերացրել, որ այդ ժամանակահատվածում Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը գտնվում է իրավապահների ձայնագրության ներքո։




















