Վրաստանի նախագահը մտադիր է առաջիկա ընտրություններում դառնալ եվրոպամետ ճակատի առաջնորդը
- Lilit

- May 15, 2024
- 1 min read

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններում դառնալ եվրոպամետ ճակատի առաջնորդը։ Այդ մասին նա հայտարարել է CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրին տված հարցազրույցում:
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ չի նախատեսում ուղղակիորեն մասնակցել ընտրություններին, այլ միայն ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համար կլինի արևմտամետ կուրսի երաշխավորը։
Զուրաբիշվիլին կրկին քննադատել է օտարերկրյա գործակալների մասին «ռուսական» օրենքը և «այլ օրենքները», որոնք, ըստ նրա, Վրաստանը բաժանում են եվրոպական ուղուց։
«Սա կրիտիկական [պահ] է Վրաստանի համար, քանի որ դուք գիտեք, որ անցած դեկտեմբերին Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ [ԵՄ-ին միանալու համար] և մոտ էր մինչև տարեվերջ անդամակցության բանակցությունները սկսելուն։ Մենք այժմ գտնվում ենք այս ճանապարհի կեսին, քանի որ նոր ճնշում կա «ռուսական» օրենքը վերստին ընդունելու համար։
Սա ոչ այլ ինչ է, քան «ռուսական» օրենք։ Բացի այդ, ներկայացվել են այլ օրենքներ, որոնք շատ մտահոգիչ են, քանի որ դրանք մեզ հեռու են տանում Եվրահանձնաժողովի առաջարկություններից և ընդհանուր առմամբ եվրոպական ուղուց»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։




















