top of page

Պшտերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատուները ոչ թե բանտում են, այլ uպառնում են հասարակությանը. Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

ree

44-օրյա պատերազմի ծանր հետևանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու. դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու մեր երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության և տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանը կհաղթահարի այս ընթացքը միայն այն դեպքում, եթե պատերազմին նախորդած, բուն պատերազմի ու դրան հաջորդած ժամանակահատվածի դիվանագիտական, ռազմական, քաղաքական պայմանավորվածություններն ու դրվագները մանրամասն վերլուծվեն ու հանրայնացվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Հասկանալի է, որ դա գործող ռեժիմի իշխանավարման ընթացքում անհնար է ու դա պայմանավորված է ոչ միայն այս իշխանության՝  իրավիճակի բերումով ստանձնած կարգավիճակով, այլ նաև նրանով, որ այս 5 տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ կառավարչի միակ նպատակը փաստերի ու իրական գործընթացների «սվաղումն» ու պատերազմի ողբերգական ելքն ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործումն է: Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատուները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը և որպես օրակարգ դիտարկում ոչ թե պատերազմի հանգամանքների պարզումն ու դրանից բխող իրավական գործընթացները, այլ իշխանության երկարաձգումը: Այս շղթայական պարտությունները մեր երկրին բերել և կանգնեցրել են մի կետում, որտեղ բոլոր ընտրությունները վատի ու վատթարագույնի միջև են:

Հայաստանի իշխանությունն իրականում շարժվում է «կախյալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի պետական և ազգային շահերն են, այլ նեղ կուսակցականը: Գործող կառավարչին այլևս հետաքրքիր չէ սեփական երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, որովհետև դա անորոշ հեռանկարով արդեն արտապատվիրակված է երրորդ կողմին և որում ինքն ունի բացառապես լուռ լսելու և կատարելու գործառույթ»:

1/2951
bottom of page